Ադրբեջանցիները փորձել են անցնել հայկական մարտական դիրքերից մեկի թիկունք. ՀՀ ՊՆ

Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներից մեկը դիմել է սադրանքի՝ փորձելով անցնել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերից մեկի թիկունք:

Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

«ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների հմուտ գործողությունների շնորհիվ հակառակորդը հետ է շպրտվել ելման դիրքեր: Հայկական կողմում կորուստներ չկան»,–նշված է հայտարարության մեջ:

Նշվում է, որ գիշերվա ընթացքում այլ միջադեպեր չեն արձանագրվել։ Սեպտեմբերի 24-ի ժամը 10:00–ի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:

ՀՀ Անվտանգության խորհրդի հայտարարության համաձայն` Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որն ադրբեջանցիներն առաջին անգամ խախտեցին սեպտեմբերի 20–ին` կրակելով Սյունիքի մարզի Ներքին Հանդի ուղղությամբ։
Երեկ` սեպտեմբերի 23-ին՝ ժամը 07։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին խախտել էին հրադադարի ռեժիմը՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։
Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել էր։