«Հարկավոր է կատարել իշխանափոխություն և դա միայն հնարավոր է հենց իշխանության հետ համաձայնությամբ». Արամ Մանուկյան

ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը «Անկյուն + 3» հեռուստաընկերության եթերում խոսել է ստեղծված իրավիճակում «քարը փեշից թափելու», համախմբվելու մասին. «Հարկավոր է, որ քաղաքական բոլոր ուժերը նստեն, լուծումներ գտնեն:

 

Կան լուծումներ: Կարծում եմ՝ ՀՀ-ում կարելի է իշխանափոխություն կատարել՝ հենց իշխանության հետ համաձայնությամբ:

Տեր-Պետրոսյանն այս առաջարկն արել էր դեռ տարի առաջ. իմաստը հետևյալն էր՝ բոլորը գումարվում են՝ և՛ ՀՀ-ի, և՛ Արցախի նախագահները, հայտարարում, որ ոչ մի ակնկալիք չունեն, ոչ մեկը չի գնում պաշտոնի: Ընտրում են բոլորի կողմից ընդունելի, չեզոք, հավասարակշիռ մարդու, որը վերցնում է ժամանակավորապես իշխանությունը և նշածս ուժերը ստորագրությամբ աջակցում են էդ մարդուն»,- ասել է նախկին պատգամավորը:

Նրա խոսքով՝ ցանկացած նոր եկած իշխանություն, իրավունք է ունենում դիմել միջազգային կառույցներին՝ խնդրելով ժամանակ: «Ասում է՝ քանի որ նոր եմ եկել իշխանության, ժամանակ տվեք ձևավորեմ կառավարություն, թիմ, հասկանամ խնդիրը, որից հետո պատրաստ եմ անցնել քննարկումների: Սա շատ օգտակար կլիներ ՀՀ-ի համար՝ նաև շունչ քաշելու»,- ասել է Մանուկյանը: