«Ծնողներին ոչ թե մեղադրում են մազ ներկելու կամ խանութ գնալու համար, այլ, որ մեր թշնամում հետ նույն սեղանի շուրջ են նստել» զոհվածի մայրը՝ Աննա Հակոբյանի հետ հանդիպած ծնողների մասին

Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս նահատակ, գյումրեցի Ժիրայր Մարգարյանի մայրը` Նաիրա Մարգարյանը, իր ֆեյսբուքյան էջում գրում է. «ԱՄԵՆԱՅՆ ՀԱՐԳԱՆՔՈՎ ԴԻՄՈՒՄ ԵՄ ՁԵԶ ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆ։

Չգիտեմ՝ ինչքան է շարունակվելու այս ամենը. ինչ են ուզում վարչապետն ու իր տիկինը մեզանից, որ ամենաթանկն ենք տվել, կորցրել մեր զավակներին, մնացել ցավի ճիրաններում, չգիտենք՝ ինչպես դիմակայենք բացվող ամեն օրվան, ինչպես չխելագարվենք զարհուրելի հիշողություններից, որ դաջվել է մեր ուղեղում՝ մեր զավակների մասունքները փնտրելու դաժանագույն տեսարաններից…

Աննա Հակոբյան, դիմում եմ ձեզ, ավելի ճիշտ հիշեցնում, որ մենք մենակ էինք այն դաժան օրերին, երբ խելացնոր կերպով մեր զավակներին էինք փնտրում, չգիտեինք՝ ում դիմենք, ով կօգնի… վստահ եմ, չեք էլ կարող պատկերացնել՝ ինչ էինք զգում… Ու՞ր էիք այդ օրերին, ինչու՞ մեր կողքին չէիք, ինչու՞ օգնության ձեռք չէիք մեկնում ցավից ու անզորությունից խելագարվող մորը՝ իր որդու գոնե մասունքը գտնելու, լսու՞մ եք՝ ինչ եմ ասում, մասունքը, ոչ թե զավակի մարմինը անկենդան, ոչ թե զավակին…

Մենք անցանք կենդանի դժոխքի միջով, տեսանք ու զգացինք մարդկային կյանքի հետ անհամատեղելի տառապանքներ, որ կրում ենք մեր սրտում մինչ օրս… Ու՞ր էր երկրի ղեկավարի տիկինը մեզ համար այդ ծանրագույն օրերին… Դուք մեզ հետ չէիք…

Այսօր էլ հանգիստ թողեք մեզ՝ որդեկորույս մայրերիս, մեր սրբագույն անունը ձեր քաղաքական ճղճիմ նպատակների հետ մի կապեք, գոնե հարգանքով վերաբերվեք մեր կորստին, ռեստորանային համալիրներում կեղծ ու բարձրագոչ բառեր մի հնչեցրեք՝ իբրև թե մեզ գոտեպնդելու մասին: «Խաչիկ-վաչիկի»-ի պարային ռիթմերը մեզ համար չեն, դրանով միայն աղ եք լցնում մեր վշտին, անլուրջ դարձնում մեր՝ հերոսներ ծնած մայրերիս համեստագույն կերպարը, աղավաղում իրականությունը…

Հեռու՛ մնացեք մեզանից, մեր կյանքից, մենք՝ որդեկորույս մայրերով միմյանց մխիթարել գիտենք և շարունակելու ենք ապրել մեր ձևով՝ ապրեցնելով մեր հերոս զավակների հիշատակը…»։