Մայրը երեխային կյանքից զրկելու դիտավորությամբ 2 ամյա դստերը գցել է Դեբեդ գետը, վերջինս ձերբակալվել է

Ապրիլի 25-ին՝ ժամը 17.45-ին, հաղորդում էր ստացվել, որ Ալավերդի քաղաքում երկու տարեկան երեխա է ընկել Դեբեդ գետը: Ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խմբին երեխայի մայրը հայտնել էր, որ հսկողությունից դուրս մնալու պատճառով երեխան Ալավերդի քաղաքի Փիրուզյան թաղամասի երկաթուղային կամրջի հարևանությամբ ձգվող գազատար խողովակի վրա նստած դիրքից ընկել է Դեբեդը:

Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների և ԱԻՆ փրկարարական ծառայության աշխատակիցների ձեռնարկած որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցող ալավերդցի երիտասարդը դեպքի վայրից մոտ 1 կմ հեռավորության վրա՝ Դեբեդ գետի ձախ ափին, ջրահեղձ և անգիտակից վիճակում հայտնաբերել է երեխային, որն անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց:

Ըստ նախնական տեղեկությունների՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում: Նյութերի նախապատրաստման ընթացքում Թումանյանի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի որոշ հանգամանքներ: Սպանության փորձ կատարելու կասկածանքով Ալավերդի քաղաքի Դեբեդ թաղամասից Թումանյանի բաժին բերման է ենթարկվել երեխայի մայրը:

Նա հաղորդում է տվել, որ ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով իր մանկահասակ դստերը նշված վայրում 3-4 մետր բարձրությունից գցել է Դեբեդ գետը: Ոստիկանության Թումանյանի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

30-ամյա կինը ձերբակալվել է:

Կատարվում է նախաքննություն: