Ոնցոր մի կուկլա լիներ, վազեցի մտա ջուրը, գրկեցի` չէր շնչում․․․ գետն ընկած 2 տարեկան երեխային փրկած երիտասարդը վերջապես կարողացել է դեպքից մանրամասներ հայտնել

 

Երեկ ժամը 17:35-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Ալավերդի քաղաքի թիվ 39 հրշեջ-փրկարարական ջոկատից, որ իրենց է դիմել մի քաղաքացի և հայտնել, որ իր 2 տարեկան աղջիկը ընկել է Դեբեդ գետը:


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, անմիջապես շուրջ 30 հրշեջ-փրկարար, այնուհետև օպերատիվորեն նրանց միացած ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի պարեկային ծառայության 2 կարգախումբ՝ 6 պարեկներով, քաղաքացիների հետ համատեղ, գետի երկայնքով մոտ 2 կմ իրականացրել են որոնողա-փրկարարական աշխատանքներ:

 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխայի ընկնելու վայրից մոտ 1,5 -2 կմ հեռավորութայն վրա ծառի կոտրված ճյուղեր հավաքելիս Ալավերդի քաղաքի Փիրուզյան թաղամասի բնակիչ, 32-ամյա Ժիրայր Պողոսյանը նկատում է, որ գետը երեխային բերել և դեմ է առել գետի մեջ եղած ծառերին:

Ժիրայրը, վտանգելով իր կյանքը, մտնում է գետ և երեխային դուրս բերում ափ, ապա իր ընկերոջ հետ ավտոմեքենայով երեխային տեղափոխում են «Ալավերդի» բժշկական կենտրոն, որտեղ էլ հրաշք են գործում տեղի բժիշկները: Երեխայի կյանքին վտանգ չի սպառնում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխան բնակվում է Ալավերդի քաղաքում, իսկ տեղի փրկարարներին երեխայի գետն ընկնելու մասին հայտնել է նրա մայրը: