Ընդդիմադիր որոշ լրատվամիջոցներ ու առանձին անհատներ հերթական անհարկի շահարկումներն են սկսել վարչապետի անձի շուրջ՝ Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած վրաերթի դեպքը անմիջական կապելով վարչապետի անձի հետ։
Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը:
Գրառման մեջ նաև ասված է.
«Այս օրերին, երբ ընդդիմադիրները սակավաթիվ ակցիաներ են իրականացնում Երևանի փողոցներում, ճարահատյալ լրատվական դաշտը փորձում են լցնել իշխանությանը հնարավորինս վարկաբեկող լուրերով։ Բնականաբար, ինչպես միշտ, թիրախավորվել է վարչապետի անձը։
Տեղի ունեցած վրաերթի դեպքի մասին ՀՀ ոստիկանությունն արդեն պաշտոնական հաղորդագրություն է տարածել, իսկ մնացածը ընդամենը բամբասանքների ժանրից են, ինչպես, օրինակ, Փաշինյանը Սյունիքն էր հանձնում կամ 2020-ին պատերազմ հրահրեց։ Պարզապես ընդդիմադիր որոշ շրջանակներ երկրում տեղի ունեցող ցանկացած վատ բանի համար սովոր են մեղադրել վարչապետ Փաշինյանին։
Ի գիտություն բոլորին՝ վարչապետ Փաշինյանը մեքենա չի վարում ու չի եղել որևէ մեքենայի ղեկին, դրա մասին խոսելն անգամ անհեթեթ է։
Ինչպես ՀՀ ոստիկանությունը հայտնեց, նախնական տվյալներով՝ քաղաքացուն վրաերթի է ենթարկել Ճանապարհային ոստիկանության «Տոյոտա» մակնիշի մեքենան, հանգամանքները քննությամբ պարզվում են։
Ցավում եմ տեղի ունեցած միջադեպի հետ կապված»։
Հիշեցնենք՝ քիչ առաջ ՀՀ ոստիկանությունը տեղեկացրել էր, որ ապրիլի 26-ին՝ ժամը 18:24-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկի մոտ ամենագնացը վրաերթի է ենթարկել մի կնոջ։
Նախնական տվյալներով՝ քաղաքացուհին վրաերթի է ենթարկվել Ճանապարհային ոստիկանության «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով, որը գտնվել է ծառայության մեջ։ Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։