Մայիսի 1-ին Երևանում տեղի է ունենալու վերջին տարիների ամենահուժկու հանրահավաքը․Սաղաթելյան

Մայիսի 1-ին՝ ժամը 16:00-ին, Երևանում տեղի է ունենալու վերջին տարիների ամենահուժկու հանրահավաքը: Այս մասին այսօր՝ ապրիլի 27-ին, Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը:

«Նիկոլ Փաշինյանը մեր երկրում հենարան չունի: Նրա միակ հենարանը ոստիկանական ուժեր են, որոնք փորձում են ամեն կերպ կանգնեցնել ժողովրդի ցասումը: Այս ժողովրդի ընթացքը կանգնեցնել պարզապես հնարավոր չի:

Առավոտից մայրաքաղաքի բազմաթիվ հատվածներում տեղի են ունեցել տարբեր ակցիաներ: Շարունակելու ենք ձևավորել նման դիմադրության օջախներ. փողոցներում, գյուղերում, քաղաքներում, կոլեկտիվներում: Ձևավորեք նման դիմադրության օջախներ և դուրս եկեք պայքարի:

Իջևանից շարժվող խումբն այսօր արդեն հասել է Ծովագյուղ, իսկ Տիգրանաշենի խումը՝ Արարատ գյուղ: Վաղն առավոտյան Սարդարապատից և Բաշ Ապարանից կշարժվեն մեր հաջորդ խմբերը»,- ասաց պատգամավորը:

Նրա խոսքով՝ իրազեկման ակցիաները կշարունակվեն մինչև մայիսի մեկը, որից հետո տեղի կունենա հուժկու հանրահավաք:

Վերջինս դիմելով ժողովրդին հորդորեց իրենց անձնական գործերն մինչև մայիսի մեկն ավարտել:

Նշենք, որ արդեն 3-րդ օրն է, «Դիմադրություն» շարժման մասնակիցները իրազեկման ակցիա են իրականացնում Երևանի փողոցներում:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը ապրիլի 17-ին Ազատության հրապարակում հայտարարեց անժամկետ բողոքի ակցիաների մեկնարկի մասին՝ քաղաքացիներին հրավիրելով հրապարակ։