Արցախն առաջին հերթին փրկվելու կարիք ունի հենց իրենց նման «փրկիչներից». Ռուբեն Մեհրաբյան

«Ընդդիմության ցույցերին ամենապերճախոս պատասխանը տալիս է հենց Հայաստանի քաղաքացին, որը փողոցում նրանց բացատրում է` Արցախն առաջին հերթին փրկվելու կարիք ունի հենց իրենց նման «փրկիչներից»»,- Araratnews.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը` անդրադառնալով ընդդիմության ցույցերին, որոնց նպատակը, ինչպես իրենք են ներկայացնում` Արցախի փրկությունն է:

Մեհրաբյանը խորհուրդ տվեց ընդդիմությանը ցույցեր անելուց եւ այս կամ այն փողոցը փակելուց առաջ մի հստակ ճշմարտություն գիտակցեն` Արցախը փրկելու լավագույն տեղը հենց Արցախն է.


«Եթե իրենք չեն գիտակցում, ապա Հայաստանի քաղաքացիները չեն զլանում, բազմիցս վերջիններիս բացատրում են` Արցախը փրկելու համար պետք է գնալ եւ Արցախում իրականացնել Արցախի փրկության համար տարվող «աշխատանքները», եւ վերջապես, եթե այն, ինչն արվում է, անբավարար են համարում, ապա թող գնան ու փրկեն, ու՞մ են սպասում»:

Քաղաքագետը ընդդիմադիրներին հիշեցրեց նախորդ` 1998 թ.-ի պետական հեղաշրջումը, որը եւս, վերջիններիս կողմից «փրկություն» էր որակվում.

«1998 թվականի հեղաշրջումն էլ, այսպես կոչված, փրկությանն էր ուղղված, ինչո՞վ ավարտվեց` պետական հեղաշրջմամբ, որը, ըստ էության, կապ չուներ Արցախի հետ, այլ կապված էր բացառապես պետությունը զավթելու, զավթած պետությունը հանցագործությունների գործիքի վերածելու հետ: 20 տարի երկիրը կրակն էր ընկել այդ բանդայի ձեռքը, հիմա եկել են, որ իրենց նախկին հաշիվներում մեզ նորից ներքաշեն»:

Մեհրաբյանը, դատելով հանրության արձագանքից, վստահ է` ընդդիմությունը հիմա որեւէ արդյունքի հասնելու շանս չունի, չի ունենա վաղը եւ երբեք։

«Դե նրանց նպատակն ի սկզբանե լափամանն է եւ այդ լափամանի վերականգնումը, ուրիշ ոչինչ։ Բայց չէ՞ որ նրանց գնացքը վաղուց գնացել է, եւ նրանք անելիք չունեն այլեւս: Նշեմ, որ հատկապես դաշնակցությունը անելիք չունի դեռ անցյալ դարի 20-ականներից»,- ասաց Մեհրաբյանը, ապա կատակեց` «բայց այս ամենը դաշնակցականներին չեն ասում, որ տրամադրությունները չընկնի»:

Անդրադառնալով ընդդիմության` 2018 թ.-ի Թավշյա հեղափոխության քայլերը կրկնօրինակելուն՝ քաղաքագետը հիշեց Կռիլովի «Կապիկն ու ակնոցները» առակը.

«Ես իրենց կհիշեցնեմ անվանի գրողի առակը, որը կապիկի եւ ակնոցի մասին էր: Այնտեղ մասնավորապես ասվում էր, որ կապիկը ձեռքը գցում է ակնոցին ու դնում այն, բայց դրանից ինքը պրոֆեսոր չի դառնում: Նրանց քայլերը հենց այդ առակի խորհուրդն ունեն, այսինքն անիմաստ ջանքեր են վատնում` մտածելով, թե հասնելու են արդյունքի, բայց մարդիկ ամեն ինչ տեսնում եւ հասկանում են»:

Ռուբեն Մեհրաբյանը զրույցն ամփոփեց լեհ հումորիստ Ստանիսլավսկու խոսքերով. «Մենք գիտեինք, թե արդեն հատակում ենք, բայց ներքեւից մեկը թակեց», նշելով, որ ընդդիմադիրները բարոյականության հատակն էլ են ծակել ու իջել ներքեւ։