«Վախենում եմ ոտքերիս տակ հողը կորցնելուց ու անհասցե թափառելուց . դեռ 2018-ից կանխազգացել եմ սա» Մարջան Ավետիսյան

Դերասանուհի Մարջան Ավետիսյանը, անդրադառնալով Արցախում ստեղծված իրավիճակին, սոցցանցերի իր էջերում լուսանկար է հրապարակել, որին կից գրել է.

 

«Նախորդ գրառումս ջնջեցի՝ ջղաձիգ հուզական պոռթկում էր, գրեցի, հետո հասկացա, որ ոչ հասցեատերերն են ամոթ զգալու, ոչ, առավել ևս, արնախումի ընտանիքը: Դեռ 2018-ից կանխազգացել եմ (կոլեգաներս, ընկերներս ու հարազատներս կփաստեն) ողբերգությունների այն ամբողջ շղթան, որոնք ապրեցինք ու ապրում ենք:

Ոչ մի վայրկյան չեմ հավատացել հեղափոխականներին, ինձ մեղադրել եմ (մեղադրել են) անհավատության ու ժողովրդի ձայնին ականջալուր չլինելու համար:Հիմա չեմ գրում, որ ասեմ «ես ճիշտ էի, դուք սխալ». արդեն ուշ է մեղադրանքների, ատելության, անգամ միմյանց սիրո խոստովանություններ անելու համար: Ես այն մարդկանց թվին եմ պատկանել, որոնք իրենց կյանքը չեն պատկերացրել օտար երկրում: Պատերազմից հետո գնացի, որ չմեռնեմ: Եթե կուզեք`փախա, գլուխս առա ու փախա, որ մոռանամ, որ չսատկեմ, որ չխեղդվեմ անզորությունից: Գաղթականի ցուպը ոսկրացել ու կպել է մեր ողնաշարին, մտածում ենք կփախչենք կգնանք, բայց, ավաղ, գնալով մենք մեզ էլ ենք մեզ հետ տանում:Ես չեմ ճանաչում մի հայ, որ Հայաստանից հեռացել է գիտակից տարիքում ու երջանիկ է օտարի հողում: Իմ կյանքի ամենածանր պահերին անգամ իմացել եմ, որ լույսը բացվելու է.․․

Վերջին 4 տարում լույս չտեսանք՝ չբացվեց: Ինձ երջանիկ համարելու շատ առիթներ ունեմ, երջանիկ եմ որպես կին, դերասանուհի, զավակ, բայց քիչ է։ Կասեք «ի՞նչ ես ուզում աղջիկ ջան ,գնա հանգիիիստ ապրիիիի»: Ես վախենում եմ, վախենում եմ Արցախ չունենալուց, արցախահայությանը կորցնելուց, վախենում եմ գնալուց, վախենում եմ վերադարձից, վախենում եմ ինքնաթիռների երկրիս հասցեն չգտնելուց։Վախենում եմ ոտքերիս տակ հողը կորցնելուց ու անհասցե թափառելուց»: