«Մամա, ես ամեն օր լաց իմ ինում, դու կյամ չես․․․»․ զոհված սպայի 3-ամյա որդին Արցախից դիմում է Եռաբլուր եկած և շրջափակման պատճառով Հայաստանում մնացած մորը

Արցախյան 44-օրյա պատերազմի օրերին Մատաղիսի մատույցներում զոհված 29-ամյա սպա Սերգեյ Մուրադյանի որդիները՝ 3 տարեկան Գարեգինը և 6 տարեկան Գուրգենը, թշնամու կողմից ճանապարհը փակվելու հետևանքով հայտնվել են շրջափակման մեջ, արդեն 1 շաբաթ է՝ չեն տեսել մորը, մնացել են տատիկների խնամքին։

Զոհված սպայի կինը՝ Աննա Մուրադյանը, դեկտեմբերի 9-ին եկել էր Երևան՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոն, ամուսնու շիրմին այցի, սակայն դեկտեմբերի 12-ին, երբ վերադառնում էր տուն՝ Արցախ, թշնամին արդեն փակել էր ճանապարհը:

Արցախցի կինը մեզ հետ դեռ Լաչինի միջանցքը փակվելու հաջորդ օրն էր խոսել, ներկայացրել, թե ինչ իրավիճակում էին հայտնվել, որտեղ և ինչ պայմաններում էին մնացել։ Այդ ամենի ֆոնին նշել էր, որ անհարմարություններն ու դժվարությունները ոչինչ են տանն իրեն սպասող երեխաների ապրումների դիմաց, նրանք անընդհատ զանգում և հարցնում են, թե մայրը ե՞րբ է հասնելու տուն։ «Ուզում եմ, որ ճանապարհը բացվի, շուտ հասնեմ երեխեքիս, 3 և 6 տարեկան տղաներս անհանգիստ են»,- մեզ հետ զրույցում ասել էր Աննա Մուրադյանը։

168.am-ն այսօր կրկին կապ հաստատեց Երևանում ժամանակավոր բնակություն հաստատած Աննա Մուրադյանի հետ, նախ հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս են երեխաները։ Արցախցի կինը մեզ տեսանյութ տրամադրեց, որտեղ 3-ամյա որդին իրեն տուն է կանչում։

«Մամա, ես ամեն օր լաց իմ ինում, դու կյամ չես։ Էքուց կգաս, մամա»,- ասում է փոքրիկն ու օդային համբույրներ ուղարկում շրջափակումից այս կողմ գտնվող մորը։