Կալանավորվել է Հայաստանի ԶՈւ հետախուզության նախկին պետ Արայիկ Հարությունյանը

Ձերբակալվել է երկրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, ՀՀ ԶՈւ հետախուզության նախկին պետ, գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանը։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիան։

Հարությունյանը ձերբակալվել է մի քրեական գործի շրջանակում, որի մասին հաղորդվել էր դեռ դեկտեմբերի 14-ին։

 

Մեղադրյալի անունը հաղորդագրության մեջ այն ժամանակ նշված չէր։

2021 թվականի մայիսին Գեղարքունիքի մարզի Կութ և Վերին Շորժա գյուղերի մոտ ադրբեջանական զինված ուժերի ներթափանցման ժամանակ Հարությունյանը ղեկավարել է 2 կորպուս, և նշված ուղղությունները եղել են զորամիավորման պատասխանատվության գոտում։

Դրանից հետո Հարությունյանը նշանակվել էր հետախուզության վարչության պետ, սակայն հետո նրան ազատեցին այդ պաշտոնից։

Հավելենք, որ գործը հսկող դատախազի որոշմամբ 2022 թվականի դեկտեմբերի 13-ին Ա.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը՝ ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում):