Միշտ համարել եմ ու հիմա էլ համարում եմ, որ Ղուբաթլին ուրիշի տարածք է․ «Անտարես»-ի տնօրեն

«Տեսա, որ ցույց է, ուրախացա, որ ինչ լավ է, որ մեր երկրում կարելի է նման ազատ կերպով ցույց անել։ Մոտեցա, սկսեցին գոռալ թուրք, շշեր նետել։ Ինչ որ մարդիկ ինչով որ հասցրել խփել են, ծեծ չէի անվանի, չգիտեմ, եթե իրավաբանական առումով ինչ որ տերմին կա։ Կանվանեմ հարձակում»։

Հանրային հեռուստաընկերության՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասել է «Անտարես մեդիա հոլդինգ»-ի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը՝ անդրադառնալով երեկ Լեո-Պարոնյան փողոցում գրանցված միջադեպին։

Հարցին, թե ինչու են ձեզ ասում թուրք, Մարտիրոսյանը պատասխանել է․ «Ղարաբաղյան վերջին պատերազմից 20 օր անց մի գրառում էի արել, որ Ղուբաթլուում ինչ որ քաշքշուկ էր, որ չէին թողնում ադրբեջանցիները, որ մերոնք իրերը հանգիստ հավաքեն, գան։ Ֆեյսբուքյան վայնասուն էր, վրես ազդեց, գրեցի որ ուրիշի տարածքից պետքա օր առաջ դուրս գալ։ Միշտ համարել եմ ու հիմա էլ համարում եմ, որ Ղուբաթլին ուրիշի տարածք է։ Մեդիաները վերցրին, շեղեցին ու ասացին, որ ես ուզում եմ Արցախը ծախել, բայց ես Արցախի մասին որևէ խոսք չեմ ասել: Եթե Սևրի խնդիրը չբարձրացնեինք 2019-ին, գազաններին չէինք զայրացնի»։