30 տարի բառիս բուն իմաստով լափել են երկիրը, թալանել ու փոշիացրել են բանակը, իսկ հիմա դարձել են « փրկիչներ» Վահե Տեր-Մինասյան

Բժիշկ Վահե Տեր-Մինասյանը գրում է.

Ո՞վ իրավունք ունի և ո՞վ իրավունք չունի պահանջելու Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։Մենք բոլորս Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ենք և գաղափարապես օժտված ենք հավասար իրավունքներով և պարտականություններով։

Սա իհարկե իրավական տեսակետից։ Բայց կա նաև բարոյական և հաստատ ոչ պակաս կարևոր գործոն, համաձայն որի Փաշինյանից «հաշիվ պահանջելու» իրավունք ունեն առաջին հերթին նրանք, ով հենց բերել են նրան իշխանության։

Նա, ով 2018-ին կանգնեց հեղափոխության կողքին, ով փորձեց երազել ավելի ազնիվ ավելի զարգացած, բոլորի համար հավասար Հայաստանի մասին։ Ով հավատաց, որ գողն ու թալանչին պիտի հայտնվեն բանտում, իսկ իշխանության եկած մարդիկ պետք է բառիս բուն իմաստով ծառայեն հասարակ քաղաքացուն և իհարկե մեր բոլորի Հայրենիքին։ Նա ով չստացավ խոստացած արդարությունն ու բարեկեցությունը, ով այդպես էլ չտեսավ ծաղկուն Հայաստանը։

Փաշինյանի հրաժարականն անշուշտ իրավունք ունեն պահանջել մեր հերոս տղերքի ծնողներն ու հարազատները, քանզի և ողջ երկիրը և առավել ևս իշխանությունը, որի օրոք զոհվեցին նրանց որդիները երբևէ չի կարող համարժեք արդարացում գտնել (թեման անգամ քննարկման ենթակա չէ):

Բայց հրաժարականի պահանջի որևէ բարոյական իրավունք ՉՈՒՆԵՆ բոլոր նրանք, ովքեր 30 տարի բառիս բուն իմաստով լափել են երկիրը, ով կործանել է ու իր մանր քաղաքական նպատակների համար օգտագործել կրթական համակարգը։ Ամենաստոր ձևով թալանել ու փոշիացրել բանակը։

Սերմանել է ամբողջ երկիրը պարփակած կոռուպցիան ու լկտիությունը։ Ով նպաստել է ազգիս մտավոր դեգրադացիային, մտավոր ունակ ուժերի արտագաղթին ու կառավարելի անկիրթ զանգվածի ձևավորմանը։ Ում նույն 2018-ին իսկապես մերժեց ժողովուրդը ու ով սրտի սարսափով սպասում էր իր արժանի գնդակահարության օրվան…

Խառը ժամանակներում ենք ապրում։ Թացն ու չորը, երազանքներն ու դառը իրականությունը խառնված։

Իսկապես պետք չի փորձել բարոյականություն փնտրել քաղաքանության մեջ։ Այն այնտեղ պարզապես չի կարող լինել։