«Ցավում եմ, որ այդպես էլ չհասկացաք 2018-ի կատարվածը և պատճառները». Արփի Դավոյան

ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանը գրում է. «Հեղափոխությանը կապկելով հեղափոխություն անելն ի սկզբանե դատապարտված է ծաղրանքի, առավել ևս, երբ այդ վայ-հեղափոխականներն առաջնորդվում են փողոցային խուժանի բառապաշարով և քայլերով։
Քույրեր և եղբայրներ, ցավոք, այդպես էլ չհասկացաք 2018-ի կատարվածը և պատճառները, ձեզ թվաց, թե փողոց փակելը «հավես ա», դասադուլ և գործադուլ անելը «հավես ա», չհասկացաք, որ այդ ամենը հավես չի, պարտադրված չի, ստիպողական ու կոկորդ պատռելով չի, հայհոյախառն խոսքերի շարան այստեղ-այնտեղ ասելով չի, մարդկանց վիշտն ու ցավը քաղաքական շահարկումների առարկա դարձնելով չի։

Այդպես էլ չհասկացաք, որ քաղաքականությունը ազնվություն ու անկեղծություն է, այն անկեղծությունն է, որ մարդը հարյուրավոր կիլոմետրեր այն կողմ զգում է, ոչ թե այն աղբն է, որ էժանագին լրատվամիջոցներով սփռվում է։
Սակայն Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքի դեմ կռիվ տվողները, պատերազմի դաշտից փախած ու պատերազմի պարտության մեջ մեղավորներ կարգողները, զինվորի հաց գողացածներն ու նրանց կյանքի ուղեկիցները, որոնք սեփական հագուստի գույնը պատուհանից դուրս սավառնող ծիծեռնակի պոչի գույնի հետ էին բռնացնում, թանկարժեք մեքենաներում նստացույց անողները և այլոք դա չեն հասկանում։Չեն հասկանում, քանի որ, ընդամենը, կուրացած են սեփական անձի գերագնահատումից, իշխանությունը հետ բերելու մոլուցքից։
Իսկ հայրենասիրության մասին խոսքերը իրենք վաղուց ասել են, սակայն գործերը թողել են, քանի որ զբաղված էին մի այլ գործով` թալանով ու երկիրը մաս-մաս վաճառելով»։

Աղբյուրը` Արփի Դավոյան