Ինձ մի մեղադրեք դավաճանության մեջ․ Մաքսիմ Գալկինը հայտնել է ընտանիքի հետ Իսրայել մեկնելու պատճառը

Հայտնի ռուս շոումեն, հեռուստահաղորդավար Մաքսիմ Գալկինը, որը ռուս-ուկրաինական պատերիազմի սկսվելուց անմիջապես հետ կնոջ՝ Ալլա Պուգաչովայի և երեխաների հետ մեկնել է Իսրայել, տեսաուղերձով դիմել է իր երկրպագուներին՝ հայտնելով, թե ինչու է լքել հայրենիքն ու խնդրելով իրեն դավաճան չանվանել։

Ինստագրամյան իր էջում հրապարակված տեսաուղերձում Գալկինը նշել է, որ այն բանից հետո, ինչ հայտնիների շրջանում նա առաջիններից էր, ով դեմ արտահայտվեց Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությանը, իրեն պարզապես զրկեցին Ռուսաստանում գործունեություն ծավալելու հնարավորությունից։

«Հրապարակում արեցի։ Հաջորդ երկու օրվա ընթացքում տեղի ունեցավ հետևյալը․ ռուսական իշխանություններն արգելեցին իմ դեմքը ցուցադրել գովազդային ընդմիջումների ժամանակ, բոլոր գովազդային պայմանագրերս չեղարկվեցին։ Ես կորցրի համերգային գումարները, քանի որ Ռուսաստանի տարբեր քաղաքներում, որտեղ պետք է տեղի ունենային իմ համերգները, տեղական իշխանությունները, ԱԴԾ-ն, տեղական ադմինիստրացիան սկսեցին արգելել իմ համերգները։ Այդ ամենն անում էին ոչ հրապարակային՝ չտալով պաշտոնական թղթեր կամ պարզաբանումներ։ Նրանք սկսեցին ահաբեկել տեղի կազմակերպիչներին», — նշել է նա իր տեսաուղերձում։

Գալկինը նաև շեշտել է, որ ներկայում ՌԴ-ում ելույթ չունենալու պատճառը ոչ թե իր չցանկանալն է կամ հանդիսատեսի դժգոհությունը, այլ համերգների արգելքը։

«Համերգներ չկան, գովազդային նկարահանումներ չկան, իսկ ես մեկնեցի Իսրայել հանգստանալու և միւնույն ժամանակ համերգներ պլանավորելու այստեղ, որտեղ ինձ չեն արգելում ելույթ ունենալ, որտեղ հադիսատեսն ինձ միշտ սպասում է։ Հավանաբար դժվար կլինի ինձ դավաճանության համար մեղադրելը», — հավելել է Գալկին՝ երկրպագուներին խորհուրդ տալով հավասարության նշան չդնել իշխանության ու հայրենիքի միջև։

«Ինձ մի մեղադրեք դավաճանության համար։ Այստեղ դավաճանություն չկա։ Դուք ձեր գլխում տարբերակեք «իշխանությունն» ու «հայրենիքը»։ Ես միշտ դրանք տարբերակել եմ։ Կա «իշխանություն» և կա «հայրենիք»։ Ու կան հանդիսատեսներ, որոնց ես միշտ հավատարիմ կլինեմ, որտեղ էլ նրանք ապրեն։ Ինձ համար չկան սահմաններ․ կա հանդիսատես, դահլիճ և բեմ», — եզափակել է շոումենը։