«Ինձ ասում են՝ մենք ձեզ համար քայլել ենք, երբ բանտում էիք, իսկ ի՞նչ է, դուք մինչ այդ սողո՞ւմ էիք»

«Մենք ոչ թե շուն ենք կերակրում, այլ ուզում ենք մեր սոված ժողովրդին փրկել: Մենք գիտենք, որ այսօր թույլ ենք, արդարությունը տկար է: Հավատը կորել է, 30 տարի փսորել են ամեն բան: Սատանան շատ շուտ դեմքը փոխում է»,- այսօր Ազատության հրապարակում Aravot.am-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկ ապարանցի Պավլիկը՝ Պավլիկ Մանուկյանը: Ըստ նրա, հիմա պետք է չշտապել. «Այնպիսի վիճակ են ստեղծել, թե՝ շուտ արեք, Նիկոլին մի բան արեք, թե չէ հանկարծ հները կվերադառնան: Հիմա էլ նույն բանն է՝ շուտ արեք, Նիկոլից ձերբազատվենք, թե չէ հանկարծ թուրքը կուտի մեզ: Ժողովուրդ ջան, մի վռազեք: Եթե Հայաստանում կա մեկը, երկուսը, որ շատ են ուզում Նիկոլից ձերբազատվել, երեւի ես առաջիններից մեկը կլինեմ: Բայց ես չեմ ուզում, որ այս անգամ համառ ջանքերի շնորհիվ հասնես մի բանի, հետո մատդ կոխես, աչքդ հանես: Այս պահին առաջարկում եմ ամենամեծ զենքը՝ միասնության զենքը: Եթե մենք միավորվում ենք, համ սա ենք մաքրում, համ հին աղբն ենք մաքրում եւ թույլ չենք տալիս արագ մանիպուլյացիոն վերակերպարանափոխվելը: