«Չեն գալիս՝ ջանդամը գան, ուր ուզում են թող գնան». Գեղամ Նազարյանը՝ հանրահավաքներին չմասնակցող քաղաքացիների մասին

ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը այսօր ելույթ է ունեցել ընդդիմության կազմակերպած հանրահավաքի ժամանակ: Վերջինս ելույթի ժամանակ դիմել է ընդդիմության առաջնորդներին և հորդորել, որ այլևս չխնդրեն քաղաքացիներին միանալ իրենց՝ ասելով. «Չեն գալիս՝ ջանդամը գան, թող գնան, ուր ուզում են գնան»:

«Շնորհակալ եմ բոլորից, ովքեր այստեղ են, շնորհակալ եմ բոլորից, ովքեր «Յուբուբ»-ում լայք են դնում կամ «Ֆեյսբուք»-ում: Ես ձեզանից խնդրում եմ, բոլոր ելույթ ունեցողներից էլ, որ կգան այստեղ, այլևս որևէ մեկին չասեք՝ եկեք, միացեք, էս արեք, էն արեք, բարուր երեխեք չեն, ուզում են՝ միանան, ուզում են՝ չմիանան: Այստեղ հավաքված է ազգի սերուցքը, որը անելու է էն, որը մեր տղերքն են ուզում: Այլևս չխնդրեք, չեն ուզում թող չգան: 88-ին, 89-ին, երբ որ մենք ուսանող էինք, որևէ մեկը Ազատության հրապարակից մեզ չէր ասում՝ երիտասարդներ, ուսանողներ, խնդրում ենք՝ եկեք, էս արեք, էն արեք: Չեն գալիս, ջանդամը գան, թող գնան, ուր ուզում են գնան: Մեր տղերքը կյանքն են տվել էս երկրի համար, որ էսօր մենք հնարավորություն ունենք այստեղ կանգնած վերականգնել մեր ողնաշարը: Չեն ուզում, թող չգան, ավելի լավ, եթե էդ տեսակը չի գալու, ուրեմն ավելի լավ: Ով գալու է, կմիանա, էսօր կմիանա, գիշերը կմիանա»,- ասել է Նազարյանը:

Նա նաև դիմել է ոստիկաններին՝ հորդորելով ուժ չկիրառել: