Ապօրինի պահվող զենք-զինամթերք ու թմրանյութ՝ վագոն-տնակում․ 40-ամյա տղամարդ է ձերբակալվել

Ապրիլի 30-ին ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ չորս տղամարդ, որոնցից մեկը՝ Երևանի, երեքը՝ Արագածոտնի մարզի բնակիչներ, Աղձք գյուղից Տեղեր համայնք տանող ճանապարհի վագոն-տնակի մոտ թմրամիջոց են օգտագործում։ Նաև, ըստ տեղեկությունների, վագոն-տնակի տակ ինքնաձիգ կա:
Մեկնած օպերատիվ խումբը տեղում հայտնաբերեց մոխրացած հետքերով 3 կաթուցիչ և ստվարաթղթե փաթեթ՝ չորացված, մանրացված զանգվածով:

Ոստիկանները վագոն-տնակի տակից հայտնաբերեցին «Կալաշնիկովի» ինքնաձիգ:

Ըստ Աղձք գյուղի 40-ամյա բնակչի՝ բուսական զանգվածը թմրամիջոց է, պատրաստել էր վայրաճ կանեփի թփերից: Ինքնաձիգը ևս իրենն է:

Չորսն էլ բերման ենթարկվեցին ոստիկանության Աշտարակի բաժին:
Հարուցվեց քրեական գործ: Բերման ենթարկվածներից 40-ամյա տղամարդը ձերբակալվեց:

Հարուցված քրեական գործի շրջանակներում խուզարկություններ կատարվեցին ձերբակալված անձի և բերման ենթարկված 42-ամյա երևանցու հաշվառման ու բնակության վայրերում: Հայտնաբերվեցին մեկ տուփ վառոդ, 16 պայթուցիչ, ինքնաձիգի լիցքավորված 10 պահեստատուփ, գնդացրի շղթա՝ փամփուշտներով, և տարբեր տրամաչափի 170-ից ավելի փամփուշտ: Հայտնաբերեցին նաև երկու փաթեթ կանեփանման չորացված, մանրացված զանգված, ապակե տարայով հեղուկ՝ կանեփանման բույսի թփերով:

Ըստ 42-ամյա երևանցու՝ հայտնաբերված բուսական զանգվածը թմրամիջոց է, իսկ զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը:

Նշանակվել են փորձաքննություններ:

Հանգամանքները պարզվում են:

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: