Լսել եմ, բայց դեռ ինքս ծանոթ չեմ. Քոչարյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկի մասին

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն անդրադարձել է արցախյան բանակցային գործըթնացին և ներկա քաղաքական իրավիճակին.

«Մաս 1.

Այն, որ փոխզիջումների մերժման և ստատուս-քվոյի պահպանման քաղաքականությունը հանգեցրեց ազգային աղետի, ապացուցման կարիք չունի, ինչը աղետից հետո խոստովանում են անգամ այդ քաղաքականության երբեմնի կողմնակիցներից ոմանք:

Սակայն, դրանով հանդերձ, իրենց արդարացնելու համար շատերը փորձում են ապացուցել, որ նույն բանը տեղի էր ունենալու նաև փոխզիջումային ճանապարհն ընտրելու պարագայում: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ ինքնարդարացման խղճուկ փորձ և բացարձակապես անապացուցելի, քանի որ պատմությունը «եթե» չի սիրում: Պատմությունն արձանագրում է այն, ինչն արդեն իրականացած է: Ուստի, ինչպիսի ձեռնածություններով էլ Ղարաբաղի հարցի փոխզիջումային լուծման հակառակորդները (պետական այրեր, կուսակցապետեր, մտավորականներ) փորձեն արդարացնել իրենց ազգակործան քայլերը, միևնույն է, նրանք վաղ, թե ուշ կանգնելու են պատմության դատաստանի առջև, ինչից ոչ ոք դեռևս չի խուսափել: Ահա նման ճակատագրի գիտակցումն է, որ նրանց այսօր էլ մղում է ամեն կերպ արդարացնելու իրենց աղետաբեր պահվածքը, ինչը, ցավոք, ավելի ու ավելի է խորացնում Հայաստանի ու Ղարաբաղի ներկայիս ճգնաժամը: