Ինչո՞ւմ իրականում պետք է համաձայնվել Տեր-Պետրոսյանի հետ, և ինչո՞ւմ՝ ոչ. Ստյոպա Սաֆարյան

Ինչո՞ւմ կարելի է համաձայնել Տեր-Պետրոսյանի հետ, և ինչո՞ւմ՝ ոչ.

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը գրում է.

Լ. Տեր-Պետրոսյանը պնդում է, թե «փոխզիջումների մերժման և ստատուս-քվոյի պահպանման քաղաքականությունը հանգեցրեց ազգային աղետի, ապացուցման կարիք չունի, ինչը աղետից հետո խոստովանում են անգամ այդ քաղաքականության երբեմնի կողմնակիցներից ոմանք», մերժողների այդ խմբում միաժամանակ դնելով Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին ու Նիկոլ Փաշինյանին։

Այն որ Տեր-Պետրոսյանն ինքն էլ դա անում է իրեն «պատմության դատաստանում» առանձնացնելու համար, նորմալ է։ Առնվազն բանական ոչ մի մարդ կոնկրետ իրեն չի դրել Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ նույն խմբում, քանի որ պետականորեն որդեգրված արցախյան խնդրի մոտեցումները մինչև 98-յան ու հետ98-յան Հայաստաններում տարբեր են եղել։ Այո, ինքը եղել է փոխզիջումային լուծումների կողմնակիցները, իսկ Ռ․Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ ստատուս-քվոն պահելու մոտեցման կողմնակիցները։ Անգամ Սերժ Սարգսյանը 2016-ից հետո ավելի շատ եղել է Լևոն Տեր-Պետրոսյանի ասած փոխզիջումային լուծման կողմնակիցը, բայց այդ փոխզիջման դաշտն արդեն փակված էր Ադրբեջանի, ոչ անգամ Հայաստանի կողմից․․․

Այո, Տեր-Պետրոսյանը իրավացի է, որ Սերժ Սարգսյանը, որպես 1998-ին Ռոբերտ Քոչարյանի մոտեցման համախոհ, պարտավոր էր գիտակցել տարիների ընթացքում ի վնաս Հայաստանի ռազմավարական հավասարակշռության խախտման միտումներն ու Ադրբեջանի կողմից փոխզիջումային լուծման դռան փակումը, որպեսզի 2016-ի նախազգուշական ապրիլյան քառօրյա պատերազմից հետո չայցելեր իրեն ու չփորձեր տեղափոխվել այն լուծման դաշտ, որը Տեր-Պետրոսյանն ակնարկում է․․․

Բայց այստեղ էլ բայց կա․ 2008-ին և 2013-ին, երբ Հայաստանի միջազգային շրջակայքում ու Կովկասում փոխվում էր ռազմավարական բալանսն ի վնաս Հայաստանի, նույն Տեր-Պետրոսյանը ջատագովում էր Ռուսաստանի հզորացումը իր կողմից «ցեղասպանությունից փրկված» Հարավային Օսեթիայում ու Աբխազիայում /որակումը Տեր-Պետրոսյանինն է/, իսկ 2013-ին էլ՝ Հայաստանը ԵԱՏՄ մտցնելիս, երբ դեռ չմտած նա դա անշրջելի կայացած փաստ էր համարում․․․

Իհարկե, «պատմությունը եթե-ներ չի սիրում», և Տեր-Պետրոսյանը ճիշտ է, բայց հարց է՝ ի՞նչ կլիներ զարգացման այն ճյուղի դեպքում, եթե առաջին նախագահն օգներ Հայաստանին պահպանել իր միջազգային շրջակայքում ռազմավարական բալանսն ու հակակշիռները, որպեսզի բալանսը խախտած Ռուսաստանը խաղից դուրս չթողներ ԵԱՀԿ Մինկի խմբին, որտեղից էլ սկիզբ առան հակամարտության գորշ գոտում անվտանգության խոր վակումն ու Հայաստանին միակողմանի զիջման դաշտ տանող լուծումները․․․ Իսկ Սերժ Սարգսյանն այդ ժամանակ գոնե տեսանելիորեն փորձում էր դիմադրել ռազմավարական բալանսի փոփոխությանը «և, և»-ի քաղաքականությամբ։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին, այն պահից երբ ինձ որոշակիորեն հասկանալի է եղել նրա Արցախյան քաղքականությունը, ես այնտեղ ոչ մի թիզականություն ու առավելապաշտություն չեմ նկատել։ Նրա արցախյան քաղաքականությունը «զրո կետից» սկսելու վերաբերյալ իրականում փորձ է եղել կասեցնել անցյալի պայմանավորվածությունների իներցիան, մանավանդ, որ հասարակությունը թե՛ Ռոբերտ Քոչարյանի, թե՛ Սերժ Սարգսյանի օրոք ու նրանց սատարած ուժերի կողմից պատրաստված չէր հանրությունից գաղտնի պայմանավորված լուծումներն ընդունելու առումով, ինչպես նաև՝ փոխել բանակցային ռելսերը Արցախին ու ԵԱՀԿ Մինսկի խմբի արևմտյան համանախագահներին «խաղի» մեջ վերադարձնելու ուղղությամբ, ինչը մինչև այժմ ես համարում եմ այն նվազագույն պարտադիրը, որը պետք է աներ հեղափոխությունից հետո իշխանության եկած ցանկացած մեկը։

Ինչ վերաբերում է փոխզիջումներին Փաշինյանի իշխանության հակված լինելուն, դա տեսանելի է եղել նրա այն պնդումներից, թե պետք է ապահովել, որ Հայաստանն ու Ադրբեջանը և համանախագահները միատեսակ ընթերցեն «Մադրիդյան առաջարկները», որի վրա պատրաստված են եղել հետագա բոլոր առաջարկությունները, ընդհուպ՝ ռուսական/լավրովյան պլանը, ինչպես նաև՝ պարզվեն հայկական ու ադրբեջանական կողմերի պատկերացումները «փոխզիջումների» մասին։

Այսինքն՝ Փաշինյանի օրոք պաշտոնական Երևանը հայտարարել է, որ փոխզիջումները չեն կարող միակողմանի լինել, կտրված Մադրիդյան առաջարկների ողջ փաթեթից, ինչը անում էին Ադրբեջանն ու Ռուսաստանը (տարածքների դեօկուպացիա անվան տակ), և երկու կողմն էլ պետք է բան զիջեն։ Եվ անազնվություն կլինի այլ բան վերագրելը որևէ մեկին՝ լինի դա Փաշինյանը թե Քոչարյանը․․․ Սա, համաձայնեք, չի նշանակում, թե Հայաստանի իշխանությունները կողմնակից չեն եղել փոխզիջումներին․․․ Հայաստանի իշխանությունները, այո, հակված չեն եղել միակողմանիորեն ու բանակցային եղանակով տալ այն, ինչ տրվեց պատերազմի արդյունքում․․․ Սա անհերքելի ճշմարտություն է, բայց միևնույնն է, այդ փաստը Փաշինյանի կառավարությանը հաստատ չի դնում Քոչարյանի ու Սարգսյանի իշխանությունների հետ նույն խմբում, որոնք երբեք, երբեք չեն ցանկացել, որ ստատուս-քվոն փոխվի ու հակամարտությունը լուծվի՝ հավատալով, թե դա Ռուսաստանի երկարատև ստրատեգիան է, այն չի փոխվելու, իսկ պատերազմի դեպքում էլ Հայաստանն իր հետ Ռուսաստանին ներքաշելու է պատերազմի մեջ, Ռուսաստանը զսպելու է Թուրքիայի մասնակցությունն այդ պատերազմին և Ադրբեջանի հարցերը լուծվելու են հերթական անգամ․․․ Սա ևս անհերքելի փաստ է։ Ինչպես նշեցի, այդ միայն 2015-16թթ․ Սերժ Սարգսյանը հասկացավ, որ Ռուսաստանի ռազմավարությունը փոխվել է․․․

Ներքաղաքական մասով դժվար է չհամաձայնել ՏերժՊետրոսյանի հետ․ «ընթացիկ ներքաղաքական առճակատմանը, ինչն, իմ կարծիքով, ոչ թե ուժեղացնում, այլ ավելի է թուլացնում Հայաստանի դիրքերը առաջիկա դժվարագույն բանակցություններում: Ուստի անհասկանալի է, թե որն է այսօրվա ընդդիմության բուն նպատակը»։ Թեպետ կարծում եմ՝ թե մենք, թե Տեր-Պետրոսյանը հրաշալի գիտենք, թե որն է նպատակը, որը նա ձևակերպել է 1998-ի իր հրաժարականի տեքստում, նշելով, թե «Ղարաբաղյան հարցն ընդամենը պատրվակ է»․․․ Ինչում էլ համաձայն չլինենք Տեր-Պետրոսյանի հետ, գոնե այստեղ նա անվրեպ է, որ Քոչարյանի ամբողջ ու միակ նպատակը Երևանում իշխանությունը վերցնելն է եղել ու Սերժ Սարգսյանի հետ նրանք ունեին 20 երկարուձիգ տարիներ խնդիրը լուծելու համար, ինչը չեն լուծել, որովհետև այդպիսի նպատակ չունեին էլ․․․

Եվ այժմ էլ լայն հանրության համար անհասկանալի է լինելու «Արցախը փրկելու նպատակը», երբ հասարակությունը գիտի, որ նրանք դա անելու համար ոչ թե մեկ կամ հինգ, այլ 20 տարի են ունեցել ու չեն արել․․․

Բայց մի մաս էլ կա, որտեղ հնարավոր չէ համաձայնել Տեր-Պետրոսյանի հետ, որտեղ նա մի կողմից տարակուսանք է հայտնում, թե «Սերժ Սարգսյանի թեթև ձեռքով Նիկոլ Փաշինյանին փակցվել է «կապիտուլյանտ» պիտակը, ինչը թեև դիպուկ է, բայց կես-ճշմարտություն: Իրականում կապիտուլյացիայի է ենթարկվել ոչ թե Փաշինյանը, այլ Հայաստանը. Փաշինյանն ընդամենը ստորագրել է Հայաստանի կապիտուլյացիայի ակտը»։ Անհասկանալի է, թե ինչո՞ւ ու ինչպե՞ս կարող է «կապիտուլյացիա» որակվել մի բան ու դա «դիպուկ» լինի պատերազմի դեպքում, իսկ, այ, երբ Նիկոլ Փաշինյանն ու նրա իշխանությունը համաձայնեին դա անել՝ տարածքները հանձնել առանց պատերազմի, այ, դա կկոչվեր «արժանապատիվ խաղաղություն»։ Այսինքն՝ վերջնարդյունքի նկատմամբ մեր վերաբերմունքը փոխվում է միայն նրա պատճառով, թե ի՞նչ ճանապարհով է այն ստացվել։ Այսինքն, եթե այն պատերազմով է, ապա ոչ թե վատ/ծանր պայմաններով պատերազմի դադարեցում է, այլ կապիտուլյացիա, իսկ եթե նույն արդյունքն է ստացվում խաղաղ եղանակով, ապա այն «արժանապատիվ խաղաղություն է»․․․

Այստեղ հնարավոր չէ համաձայնել Տեր-Պետրոսյանի հետ։ Որովհետև դասական առումով, այո, մենք զրկվել ենք բանակցային հզոր խաղաքարտից՝ առնվազն որոշ տարածքներ կարգավիճակի դիմաց սակարկելուց, այո, ծանրագույն մարդկային կորուստներ ենք տվել, այո, մեր բանակցային դիրքերը զգալիորեն թուլացել են, իսկ Ադրբեջանինը՝ ուժեղացել, բայց արդյունքը կապիտուլյացիա չէ, Ադրբեջանն էլ չի կարող համարվել հաղթած կողմ։ Եթե հաղթել է՝ ինչու է իրեն հասկացվում, որ ինքը խնդիրը չի լուծել ու խնդիր ունի․․․

Ի վերջո, պատերազմող կողմի կապիտուլյացվելու չափանիշներն այլ են, ինչը Տեր-Պետրոսյանը ինձանից շատ ավելի լավ գիտի, հետևաբար Սերժ Սարգսյանի «թեթև ձեռքով» տրված որակումը չի կարող «դիպուկ» լինել, ինչի հետ համաձայն է Տեր-Պետրոսյանը․․․

Այստեղ անհնար է չհամաձայնել Տերժ- Պետրոսյանի հետ գոնե նրանում, որ այս ամենը տեղի է ունեցել ոչ թե մեկ անձի՝ Նիկոլ Փաշինյանի հետ, այլ Հայաստանի հետ, ու միգուցե Քոչարյանի ու Սարգսյանի կողմից «մեկ մեղավորի» տեսության ջատագովումն ու պրոպոգանդումը հենց այն է, ինչ Տեր-Պետրոսյանը բնութագրում է՝ «Ղարաբաղի հարցի փոխզիջումային լուծման հակառակորդների կողմից ձեռնածություններով իրենց ազգակործան քայլերը արդարացնելու փորձ»․․․

Դեհ, իսկ որ նման բարդագույն իրավիճակը պահանջում է, որ «հակամարտող կողմերը վերջիվերջո կհասկանան իրենց դիրքորոշումների վտանգավորությունը և ջանքեր կգործադրեն ինչ-որ փոխհամաձայնության գալու՝ իրավիճակն ավելի ևս չբարդացնելու և նոր վտանգներից խուսափելու նպատակով», այստեղ էլ չեմ վիճի Տեր-Պետրոսյանի հետ․․․

Մարդ կարոտ է մնացել, որ քաղաքական գործիչներն ու ուժերը մի քաղաքական տեքստ ասեն, որը բանավեճ, քննարկում սադրի, ու Պապիին առնվազն շնորհակալություն այս գորշ կրկեսի պայմաններում դա անելու համար, անկախ նրանից, որ էլի մի քանի կարևոր հարցերում ես իր հետ համաձայն չեմ։