Քաշաթաղից տեղահանված ընտանիքում ծնվել են 12-րդ եւ 13-րդ զավակները՝ Մոնթեն և Նժդեհը

Արտաշատի Բժշկական կենտրոնում լույս աշխարհ են եկել երկու տղաներ. ծնողները Արցախի Քաշաթաղի շրջանից են տարհանվել և հանգրվանել Արարատի մարզում։

ԲԿ-ից հայտնում են, որ խորհրդանշական անուններով փոքրիկ Մոնթեն և Նժդեհը ծնվել են 7 քույրերից և 4 եղբայրներից հետո՝ համալրելով բազմազավակ ընտանիքը։

Փոքրիկները լույս աշխարհ են եկել կեսարյան հատման ճանապարհով՝ ԲԿ-ի փորձառու բժիշկ-մանկաբարձների շնորհիվ: Երեխաներն ու մայրը՝ 39-ամյա Մարիամը, իրենց լավ են զգում և շուտով դուրս կգրվեն։

Կենտրոնի տնօրեն Հայկ Համբարձումյանը և ողջ անձնակազմը շնորհավորում են փոքրիկների լույս աշխարհ գալու առթիվ, մաղթում են խաղաղ ու անհոգ մանկություն, նրանց և բոլոր մանուկներին։