«Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց կտրամադրվի աջակցության քարտ» փոխնախարարը նոր շատ կարևոր նախագիծ է ներկայացրել

Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց կտրամադրվի աջակցության քարտ՝ արձագանքելով նրանց առաջնային կարիքներին և ապահովելով սննդով, հագուստով և առաջին անհրաժեշտության գույքով: Գումարի չափը տարբեր սոցիալական խմբերի և իրավիճակների համար կլինի տարբեր. այն կսահմանվի Կառավարության կողմից:

Այս մասին տեղեկացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի հունիսի 8-ի արտահերթ նիստում ՀՀ կառավարության հեղինակած ««Սոցիալական աջակցության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ:

«Սոցիալական աջակցության մասին» օրենքում ապահովված չեն ոլորտը կարգավորող Կառավարության այս պահին գործող որոշումների իրավական հիմքերը: Կառավարությունը 2021-2026 թթ. իր գործունեության միջոցառումների ծրագրով հանձնառել է բարեփոխումներ, որոնք կարգավորվում են գործող օրենքի շրջանակում: Առաջարկվող օրենսդրական փոփոխություններով կստեղծվեն անհրաժեշտ իրավական հիմքեր, և հնարավոր կլինի ենթաօրենսդրական ակտերով իրականացնել բարեփոխումները:

Ըստ Աննա Ժամակոչյանի՝ արագ արձագանքման մեխանիզմներ են անհրաժեշտ նոր սոցիալական աջակցության ծառայություններ ստեղծելու համար, որով սոցիալական աջակցության ոլորտում ճկուն քաղաքականության իրավական հիմքեր կստեղծվեն: Օրենսդրական նախաձեռնությամբ Կառավարությանը լիազորվում է սոցիալական ծառայությունների այլ տեսակներ սահմանելու հնարավորություն, որի կարիքն առաջացել էր դեռևս անցյալ երկու տարիներին՝ ճգնաժամային իրավիճակներում: Համակարգը փորձարկվել է. մի շարք դոնոր կազմակերպություններ, միջազգային գործընկերներ միացել են Կառավարության սահմանած սոցիալական աջակցություններին, որոնք տրամադրվել են հատկապես Արցախից տեղահանված քաղաքացիներին: Այս մեխանիզմով կհամադրվեն տարբեր շահագրգիռ կողմերի քաղաքականությունները` թիրախային խմբերին հասցեական աջակցություն տրամադրելու նպատակով:

Օրենսդրական փոփոխությամբ առաջարկվել է նաև սահմանել սոցիալական պաշտպանության հաստատության եւս մեկ տեսակ` համայնքային փոքր տներ:

Կարևորելով բարեփոխումների անհրաժեշտությունը՝ հանձնաժողովը դրական եզրակացության է արժանացրել քննարկված նախագիծը: