Ժամկետային զինծառայող Դավիթ Վարդանյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել շարքային Դավիթ Վարդանյանին Մարտական ծառայության մեդալով պարգևատրելու մասին:

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի.

Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Դավիթ Վահանի Վարդանյանին հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով»,- ասված է նախագահի հրամանագրում:

Ավելի վաղ հայտնել էինք՝ մայիսի 28-ին՝ ժամը 10:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում նաև՝ դիպուկահար հրացաններից, կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավարևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով Վարդանյանը հրազենային վիրավորում էր ստացել:

Չնայած բժիշկների կողմից գործադրված բոլոր ջանքերին, շարքային զինծառայողի կյանքը փրկել չէր հաջողվել: