«Երբ ասում էին՝ նորից զավակ ունեցիր, թվում էր՝ նեղացնում են». ծնվել է պատերազմում զոհված Գևորգ Բաբայանի քույրիկը՝ Մարիամը

44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Բաբայանի տանը կրկին մանկան ճիչ է լսվել. ծնվել է փոքրիկ Մարիամը:

Չնայած սրտի մեծ թրթիռով և կորցրած որդու վերածնման սպասումով Բաբայանները դիմել էին պտղաբերության կենտրոն՝ արտամարմնային բեղմնավորման միջոցով տղա ունենալու համար, սակայն հունիսի 5-ին լույս աշխարհ է եկել Գևորգի քույրիկը:

«Հայկական ժամանակի» հետ զրույցում որդեկորույս մայրը՝ Լուսինե Ենգոյանը, նկատում է՝ աղջնակն իրենց կապրեցնի և ուժ կտա:

«Գևորգի մահից հետո տանը շատ տխուր մթնոլորտ էր: Ապրելը օր օրի դժվարանում էր, ծանրանում: Որոշեցինք՝ պետք է մեր տղան վերածնվի, դրա համար դիմեցինք պտղաբերության կենտրոն: Չգիտեի պտղի սեռը մինչև ծնվելը: Բայց անընդհատ հույս ունեի, որ տղա եմ լույս աշխարհ բերելու, սակայն աղջիկս ծնվեց»,- ասում է տիկին Լուսինեն:

Գևորգ Բաբայանի քույրիկը ծնվել է վաղաժամ՝ 35 շաբաթականում: Մոր խոսքով՝ ինչպես իրենք էին անհամբեր սպասում փոքրիկի ծնվելուն, այդպես էլ նա էր շտապում, որ ծնողների կյանքը նորից խինդով լցնի: Միևնույն ժամանակ տիկին Լուսինեն նկատում է՝ հղիությունը բարդ է ընթացել. երկու անգամ վարակվել է կորոնավիրուսով:

«Թոքաբորբ էի տանում, բաց բժիշկները շատ ուշադիր էին: Կեսարյան հատումով ունեցա փոքրիկիս: Վաղաժամ ծնվեց, բայց, փառք Աստծո, ոչ մի առողջական խնդիր չունի: Մինչև որոշումը կայացնելը, երբ ինձ ասում էին՝ նորից զավակ ունեցիր, թվում էր, թե նեղացնում են դա ասելով, իսկ հիմա ես եմ մյուս որդեկորույս մայրիկներին խորհուրդ տալիս՝ բալիկ ունեցեք ձեր տղաներից հետո»,- նշում է նա:

Վերջինս խոստովանում է՝ փոքրիկի ծնվելուց հետ փոքր-ինչ սրտնեղել է, որ տղա չի ունեցել, սակայն այժմ զգում է, թե որքան երջանիկ է աղջնակի գոյությամբ: Մարիամից բացի՝ Բաբայանները ևս երկու աղջիկ ունեն՝ 12 և 22 տարեկան: Մայրն ասում է՝ երբ ծնվել է 12 տարեկան աղջիկը, Գևորգը շատ է ուրախացել, այժմ էլ, երբ իմանար, որ երրորդ քույրիկն է ունեցել, նույն զգացողությունները կունենար:

«Եթե տղա ունենայի, անունը Գևորգ էի դնելու՝ Սուրբ Գևորգ, Մարիամն էլ մեծ խորհուրդ ունեցող անուն է: Իմ աղջիկը մեզ կապրեցնի, մենք էլ մեր Գևորգի հիշատակը կապրեցնենք: 5 օրական է բալիկս, ու հիմա մեր տան լարվածությունը թուլացել է, ապրում ենք իրենով»,- անկեղծանում է մայրը:

Դեռևս հստակ չեն որոշել, սակայն մեկ այլ երեխա ունենալու մասին ևս մտածում են. մայրը հույսով ու հավատով սպասում է Գևորգի վերածնվելուն:

44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Բաբայանը 1 տարի 4 ամսվա զինծառայող է եղել, երբ սկսվել է պատերազմը: Ծառայել է Ջաբրայիլում: Եղել է սերժանտ և դիրքի ավագ: Լուսինե Ենգոյանը պատմում է՝ սեպտեմբերի 27-ին հակառակորդի առաջին կրակը որդու դիրքի ուղղությամբ է եղել:

«Միշտ շատ բարձր տրամադրությամբ էր: Մինչև հոկտեմբերի 4-ը ասում էր՝ ամեն ինչ լավ է, առաջ ենք գնում: Հոկտեմբերի 5-ին շրջափակման մեջ էին ընկել: Այդ օրը, երբ զանգեց, անտրամադիր էր: Ես ասացի՝ ձեզ պինդ պահեք, տղե՛ս, շուտով պատերազմը կվերջանա: Ասաց՝ մա՜մ, արդեն վերջացել է ամեն ինչ: Զանգից մի ժամ հետո դիպուկահարը խփել է որդուս»,- վերհիշում է մայրը:

Գևորգ Բաբայանը զոհվել է, երբ փորձել է շեղել հակառակորդի ուշադրությունը, որպեսզի համածառայակից ընկերները կարողանան դուրս գալ շրջափակումից:

«Մի օր չեն կարողանում մոտենալ Գևորգիս. հակառակորդը չի թողնում: Հետո գիշերով են փորձում, հաջողվում է. մոտենում են տղայիս, տեսնում՝ դեռ ձեռքերը շարժվում են, ապրում է տղաս: Հասցնում են Գորիսի հոսպիտալ, որտեղից կյանքի հետ անհամատեղելի վիրավորում ախտանշանով՝ ուղղաթիռով ուղարկում Երևան: 80 օր որդիս պայքարում էր կյանքի համար: Բայց հիվանդանոցում կորոնավիրուսով է վարակվում, ու դա էլ ավելի է սրում առողջական վիճակը. Գևս մահանում է…»,- պատմում է տիկին Լուսինեն:

2020 թվականի դեկտեմբերի 31-ին Գևորգին հուղարկավորում են Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Լճաշեն գյուղում՝ ընտանեկան գերեզմանատանը:

Աղբյուրը՝ Հայկական ժամանակ