Չի կարելի ծիրան ուտել քաղցած ժամանակ. ում է այս միրգը հակացուցված

Էնդոկրինոլոգ և սննդաբան Տատյանա Բոչարովան նշել է, թե օրական որքան ծիրան կարելի է ուտել՝ չվնասելու համար առողջությունը, ինչպես նաև զգուշացրել է, թե ովքեր պետք է այս միրգը բացառեն սննդակարգից։
«Չի կարելի ծիրան ուտել քաղցած ժամանակ, դա կարող է հանգեցնել մարսողական խնդիրների, հատկապես, երբ ախտորոշվել է գաստրիտ (նույնիսկ ռեմիսիայի փուլում), խոց, բորբոքված աղիների համախտանիշ, պանկրեատիտ։ Եթե նշված հիվանդությունների սրացում ունեք, ապա ավելի լավ է հրաժարվել ծիրանից»,- նշել է մասնագետը։


Նա նաև հավելել է, որ ծիրանը պարունակում է կիտրոնաթթու և խնձորաթթու, ինչով պայմանավորված, պտուղը կարող է գրգռել լորձաթաղանթը և այրոց առաջացնել:
Փորձագետի խոսքով՝ նույնիսկ բացարձակապես առողջ մարդկանց մոտ ծիրանը կարող է փորլուծություն կամ խմորում առաջացնել, իսկ եթե չափից շատ ծիրան ուտեք, այն լուծողականի ազդեցություն կունենա։
Սննդաբանը խորհուրդ է տվել օրական առավելագույնը 200-300 գրամ ծիրան ուտել։