«Երաժշտական փոստարկղը» շարունակելու է 21-րդ դարի քաղաքացիներիս ապուշի տեղ դնել». Լիզա Ճաղարյան

Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հ1-ի Լուրերով լսում էի «նոր եթերաշրջանի» սպասվելիք հաղորդաշարերի մասին։ Էդ ոչինչ, որ 90 տոկոսը հին հաղորդաշարերն էին, բայց հո մի մխիթարություն հաստատ կա. մեր թանկագին, անփոխարինելի, անզուգական «Երաժշտական փոստարկղը» շարունակելու է նույն ջանասիրությամբ 21-րդ դարի քաղաքացիներիս ապուշի տեղ դնել, թե բա` բազմաթիվ քաղաքացիներ նստած նամակներ են գրում տիկին Սուսաննային, փոՇտով ուղարկում ու շնորհավորում իրենց ախպոր կնգա, քրոջ մարդու, մորքուրի գանձի, հոպարի տատու ծնունդը։
Ի դեպ, չեմ էլ բացառում, որ գրողներ կան։
Բայց կասե՞ք, թե ե՛ս և 21-րդ դարում ապրող քաղաքացիներս ինչ մեղք ունենք, որ 19-րդ ու 20-րդ դարերի միջակայքում տիկին Սուսաննայի հետ միասին «լռվածներ» կան։
Ձեզ թվում է` մե՞զ եք ձեռ առնում, Հ1-ականներ։ Մի հատ հայելու մեջ ձեզ նայեք»։