Կենդանաբանական այգու տեսախցիկներն առեղծվածային անհայտ արարածի են ֆիքսել

Հյուսիսային Տեխաս նահանգի Ամարիլո քաղաքի կենդանաբանական այգու անվտանգության տեսախցիկը մայիսի 21-ի գիշերը ժամը 01:30-ի սահմաններում ֆիքսել է առեղծվածային անհայտ արարածի, որը մեծապես տարակուսել է տեղի իշխանություններին: Կենդանաբանական այգու հրապարակած լուսանկարում երևում է ինչ-որ բրդոտ և երկոտանի մի բան, որը թափառում է պաշտպանված օբյեկտի ցանկապատի շուրջը, գրում է New York Post-ը։

«Արդյո՞ք դա տարօրինակ գլխարկով մարդ է, ով սիրում է գիշերը քայլել: Կամ մի մեծ կոյո՞տ` իր հետևի ոտքերի վրա: Չուպակաբրա՞: Սա Ամարիլոյի իրական առեղծվածն է, և մենք օգնություն ենք խնդրում այն ​​լուծելու համար»,- ասվում է կենդանաբանական այգու կայքում։ «Կարևոր է նշել, որ այս արարածը գտնվել է Ամարիլոյի կենդանաբանական այգուց դուրս: Կենդանաբանական այգի մտնելու փորձի հետքեր չեն եղել»,- նշվում է հաղորդագրությունում։

Կենդանաբանական այգու մասնագետներն այս արարածին անվանել են UAO — Unidentified Amarillo Object` Ամարիլոյի չնույնականացված օբյեկտ. «Մենք պարզապես ցանկանում էինք, որ Ամարիլո համայնքը զվարճանա», — ավելի ուշ ասել է Ամարիլո քաղաքի այգիների և հանգստի մենեջեր Մայքլ Քաշուբան:

Նշվում է, որ այս միջադեպից կենդանիներ և մարդիկ չեն տուժել, հանցավոր գործունեության հետքեր չկան։