Ադրբեջանցիների հաջորդ պահանջը կլինի վերադարձը Վարդենիս եւ Երեւան. Գեղամ Նազարյան

«Դիմադրություն» շարժման ցանցային պայքարի նպատակն է չորս տարի շարունակ ստի եւ կեղծքի մեջ ապրող մարդկանց հետ խոսել եւ բացատրել, որ իրենց այսքան ժամանակ միայն ստել են: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:

«Մարդիկ, իրոք, ապրում են ծանր վիճակում, սակայն վախենում են, որովհետեւ Նիկոլ Փաշինյանն իրենց ասել է՝ եթե ծպտուն հանեցիք, կարժանանաք նույն ճակատագրին, ինչ Արցախը պաշտպանած մեր հերոս տղաները: Բայց մեր հայրենակիցներն այդ ճակատագրին կարժանան, եթե շարունակեն լռել: Մենք մարդկանց պետք է բացատրենք, որ 2018 թվականից գյուղացին միայն ու միայն վնասներ է կրել: Մենք պետք է բացատրենք, որ թեպետ նախկինում սխալներ եղել, սակայն դրանք չեն հանգեցրել Արցախի կորստին եւ հազարավոր տղաների մահվան»,- նշեց Նազարյանը:

Գեղամ Նազարյանի դիտարկմամբ՝ նախորդ շաբաթների պայքարով «Դիմադրություն» շարժումը բոլորի, այդ թվում՝ միջազգային հանրության համար արձանագրեց, որ Հայաստանում ժողովրդի ամենակտիվ զանգվածը չի հաշտվում այն իրավիճակի հետ, որը Ադրբեջանը եւ Թուրքիան ցանկանում են պարտադրել իրենց:

«Աշխարհում կարեւոր դերակատարներն արդեն գիտեն, որ Հայաստանում կա ուժ, որը վայելում է հարյուրհազարավոր մարդկանց աջակցությունը: Շարժման հիմնական նպատակը, իհարկե, մնում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, որովհետեւ նրա ներկայությունն այդ պաշտոնում մեզ համար ծանր հետեւանքներ է ունենում: Ծանր պատերազմից ու կորուստներից հետո նա մնաց եւ դրանից հետո եղավ մայիսի 12-ը, նոյեմբերի 16-ը, Գորիս-Կապան ճանապարհի հանձնումը, չեն թաքցնում, որ մտադիր են կատարել Ադրբեջանի մյուս պահանջները եւս»,- ասաց Գեղամ Նազարյանը:

Գեղամ Նազարյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարելով, թե խաղաղության օրակարգը չընդունելով, կկորցնենք Հայաստանը կրկին սպառնում է մարդկանց պատերազմով:

«Եթե Արարատյան դաշտի բնակչին թվում է, թե Տավուշը, Սյունիքը կամ Արցախն իրենից շատ հեռու են, պետք է հասկանա, որ Ադրբեջանի նպատակն Արարատյան դաշտն է,այնտեղի հայ բնակչության տեղահանումն է, եւ նա դա անելու են թուրքական կապիտալի շնորհիվ: Սահմանը բացվելու է առանց նախապայմանների, ինչին Հայաստանի տնտեսական շուկան պատրաստ չէ: Հայաստան են բերելու շատ մատչելի բանջարեղեն, միրգ, որից հետո մարզերի բնակիչները հասկանալու են՝ դաշտեր եւ այգիներ մշակելն անիմաստ է: Դրանից հետո թուրքական ներկրումները դադարելու են, որպեսզի Հայաստանը մատնվի սովի, եւ մարդիկ իրենց ապագան տեսնեն արտերկրում, եւ այդպես Հայաստանը կդատարկեն: Հաջորդը, եթե մենք համաձայնենք Սյունիքի, Տավուշի, Արարատի մարզերի ինչ-որ հատվածների հանձմանը, այսպես կոչված միջանցքի բացմանը, ադրբեջանցիները պահանջելու են վերադարձ Վարդենիս, Ամասիա, Երեւան եւ միջազգային խաղաղապահներ՝ թուրք զինվորների տեսքով, նշված վայրերում»,- ընդգծեց Գեղամ Նազարյանը:

Գեղամ Նազարյանի խոսքով՝ շարժումը, սակայն, պայքարի շնորհիվ նման բան թույլ չի տա:

«Մարդը, որի մոտ կարող է մեկ պահ կասկած առաջանալ, կտեսնի, որ օրինակ Արամ Վարդեւանյանը կամ Էլինար Վարդանյանը փողոցում պայքարում է: Հիմա շատ են հարցնում՝ ով է վարչապետի թեկնածուն: Այդ պահն էլ է գալու: Այս շարժումը կբերի այդ անունը»,- ամփոփեց Գեղամ Նազարյանը: