Անչափելի և խոր և երկնամերձ բարձր սքանչելիքներ տվեց մեզ Պարույր Սևակը… այսօր Պարույր Սևակի հիշատակի օրն է

Այսօր Պարույր Սևակի հիշատակի օրն է. զոհվել է 1971 թվականի հունիսի 17-ին` ավտովթարից։ Թաղված է հայրենի գյուղում։

«Աշխարհում լավ բանաստեղծները քիչ չեն, բայց քիչ է թիվն այն բանաստեղծների, ովքեր նոր ակոս են բացում գրականության մեջ և դառնում ժամանակի գեղագիտական մտքի օրենսդիներ: Պարույր Սևակը ընդլայնեց մեր ժողովրդի հոգևոր սահմանները, դուրս բերեց 30 հազար քառ. կմ. տարածությունից և այն դիտեց դարի ու ժամանակի բարձունքներից: Եվ մենք, որ Սեվակի ժամանակիցներն ու հետնորդներն ենք միաժամանակ, այլևս իրավունք չունենք «ատոմային էներգիայի դարում կրակ ստանալ… շփումով»,- ասել է Պերճ Զեյթունցյանը:

Մեծն գրողի մահվան մասին կան իրարամերժ վարկածները։ Ըստ վարկածներից մեկի, Սևակը մեքենա վարել չի գիտեցել, բայց այդ օրը նա պետք է գար Երևան։ Սևակի վարորդը հրաժարվել է մեքենան վարել՝ պատճառաբանելով, որ գործեր ունի։ Սևակը ինքն է որոշել վարել ու իր կնոջը՝ Նելլի Մենաղարաշվիլիին ասել է, որ եթե մեքենան կարողանա դուրս բերել ավտոկանգառից, ապա ճանապարհ կընկնեն։ Կինը նստել է Սևակի կողքին, իսկ երկու որդիները մեքենայի հետնամասում։ Սևակի մեքենան բախվել է հայրենի գյուղից 8 կմ հեռավորության վրա, որի արդյունքում մահացել են Սևակն ու նրա կինը։ Ըստ մեկ այլ վարկածի, գրողի սպանությունը եղել է կազմակերպված և այն կատարվել է սովետական իշխանության պատվերով։

«…Մեծերը չեն մահանում: Մեծերը ձուլվում են մարդկանց հոգիներին, մտում մարդկանց սրտերը` սերնդե-սերունդ հարատևելու անխախտությամբ… Անչափելի և խոր և երկնամերձ բարձր սքանչելիքներ տվեց մեզ Պարույր Սեվակը…Նրա մեծությունը գնահատողը ժամանակներն են, որ կան ու լինելու են: Ժողովրդի անբիծ սերը այն հուշարձանն է, որ ստեղծել է ինքը` մեծ բանստեղծը: Այդ սերը մաքուր ու հավերժական է: Գնալով այդ սերը կթանձրանա և կծավալվի գարնան զարթոնքի նման` հիացմունք և ուրախություն բերելով ժամանակի ու տարածության հեռուներում իրար հաջորդող սերունդներին…»,- ասել է Սերո Խանզադյանը: