Սարսափելի դեպք . հայտնաբերվել է Բագրատաշենի մաքսատան աշխատակցուհու կախված դին

Երեկ՝ հունիսի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 20:50–ի սահմաններում Պտղավան բնակավայրի բնակչ Կարեն Աբովյանը ահազանգել է ոստիկանության Նոյեմբերյանի բաժին և հայտնել, որ Պտղավան բնակավայրի ֆուտբոլի դաշտում դի կա կախված:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Սերգո Ավետիսյանը, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պետ Վահան Ազատյանը և Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնի խումբը՝ բաժի պետի տեղակալ Բեկլարյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները նշված բնակավայրի ֆուտբոլի դաշտի հարևանությամբ գտնվող կիսաքանդ պոմպակայանի առաստաղի ամրաձողից մետաղալարով կախված վիճակում հայտնաբերել են Պտղավան բնակավայրի բնակիչ, 57-ամյա Մարինա Վ.-ի դին:

Փաստի առթիվ Նոյեմբերյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանություն ահազանգած Կ. Աբովյանը Պտղավան բնակավայրի վարչական ղեկավարն է, իսկ մահացածը աշխատում էր Բագրատաշենի մաքսատանը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com