Էդգար Մելիքսեթյանը երեկվա կրակոցից հետո այսօր հիվանդանոցում մահացել է

«Հանրապետություն» կուսակցության ավագանու անդամը մահացել է: Այս մասին ասված է «Հանրապետություն» կուսակցության ֆեյսբուքյան էջում արված հայտարարության մեջ:

«Խոր ցավով տեղեկացանք Լոռու մարզի Թումանյան համայնքի «Հանրապետություն» խմբակցության ավագանու անդամ Էդգար Մելիքսեթյանի վաղաժամ մահվան մասին:

«Հանրապետություն» կուսակցությունն իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում Էդգարի ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին»,- ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել էր, որ Լոռու մարզում կրակոցներ են հնչել, «Վանաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Վնասվածք ստացած անձը Լոռու մարզի Լորուտ գյուղի բնակիչ՝ 25-ամյա Էդգար Մելիքսեթյանն է։

Ոստիկաները պարզել էին, որ գյուղում համագյուղացու տանը վիճաբանություն է տեղի ունեցել Մելիքսեթյանի և ևս 1 անձի միջև։ Կայքի տեղեկություններով՝ այդ անձը 19-ամյա Նաիրի Մաթևոսյանն է։ Վերջինս վիճաբանության մասին հայտնել է իր հորը՝ 43-ամյա Վիգեն Մաթևոսյանին, ով գյուղում հայտնի է «Պոշոլանց Վիգեն» մականվամբ, ինչից հետո վերջինս էլ, ըստ նախնական տեղեկությունների, վրեժխնդիր լինելու նպատակով գյուղամիջում դեռևս չպարզված հրազենից կրակել է Է. Մելիքսեթյանի վրա։