Ռուսաստանցի լրագրողը վաճառել է Նոբելյան մրցանակը՝ ուկրաինացիներին օգնելու համար

Ռուս լրագրող, Խաղաղության նոբելյան մրցանակակիր Դմիտրի Մուրատովը աճուրդի է հանում իր Նոբելյան մեդալը ուկրաինացի փախստականներին օգնելու համար: Նա վրդովված է իր երկրում անկախ լրատվամիջոցների ոչնչացումից, որտեղ, նրա խոսքերով, ավելի ու ավելի քիչ մարդիկ են աջակցում Մոսկվայի ռազմական արշավին:

Մուրատովը «Նովայա գազետա»-ի համահիմնադիրն է եւ երկարամյա գլխավոր խմբագիրը: Թերթ, որը հայտնի է Կրեմլին իր քննադատություններով, հիմնադրվել է 1993 թվականին ԽՍՀՄ-ի նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովի Խաղաղության նոբելյան մրցանակից ստացված ֆինանսներով:

Տարիներ շարունակ այն պայքարում էր այլախոհ լրատվամիջոցների նկատմամբ խստացող սահմանափակումների դեմ, սակայն մարտ ամսից ստիպված եղավ վերջնականապես դադարեցնել իր առցանց և տպագիր գործունեությունը այն բանից հետո, երբ ուժի մեջ մտավ հակամարտության մասին կառավարության տեսակետին հակասող հրապարակումների համար 15 տարվա ազատազրկման որոշումը: Իսկ ոսկե մեդալը աճուրդի հանելու հանգամանքն արդեն իսկ խոսում է պատերազմի դեմ դիրքորոշման մասին:

Մուրատովի մեդալը վաճառքի է հանվելու Heritage Auctions-ի կողմից հունիսի 20-ին՝ Փախստականների համաշխարհային օրը:

Մուրատովն իր մրցանակը նվիրել էր «Նովայա գազետա»-ի վեց լրագրողների, որոնք սպանվել էին իրենց աշխատանքի համար: Նրանց թվում են նախագահ Վլադիմիր Պուտինի ամենահայտնի քննադատներից մի քանիսը:

Նա ափսոսանք է հայտնում ազատ լրատվամիջոցների բացակայության և պետության կողմից բողոքի ակցիաների դեմ կիրառվող խիստ միջոցների համար, ու եզրակացնում, որ անկախ լրագրությունն «անհնար է ժամանակակից Ռուսաստանում»:

Նա կասկածի տակ է դնում այն հետազոտությունները, որոնց համաձայն ռուսների մեծ մասն աջակցում է Ուկրաինայում Ռուսաստանի ներխուժմանը:

Մուրատովը կարծում է, որ պատերազմին աջակցությունն աստիճանաբար նվազում է, և նույնիսկ Կրեմլն է ընդունում, որ բնակչության 25-30%-ը չի աջակցել այդ գործողությանը:

Մուրատովն ասում է, թե նրանք, ովքեր հավատում էին, որ Ռուսաստանում փոփոխություններ կարող են տեղի ունենալ վերնախավի պառակտման արդյունքում, սխալվում էին:

Հարցին, թե ինչ գնով այս մեդալը կվաճարվի, Մուրատովն ասել է, թե ըստ որոշ հաշվարկների, այն կարող է վաճառվել 2 միլիոն դոլարից ավելի բարձր գնով:

Հոդվածը կազմված է »Ռոյթերս» լրատվական գործակալության հաղորդած տեղեկությունների հիման վրա