ՆՈՐ ՌԵԿՈՐԴ: Ղազարյանների ընտանիքում ծնվել է 14-րդ երեխան, նա արդեն ստացել է իր առաջին նվերը….

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գանձա գյուղում բնակվող Ղազարյանների ընտանիքը 14-րդ զավակի ծնունդով նոր ռեկորդ է սահմանել Վրաստանում: Այս մասին հայտնում է «Վրաստան» թերթը:

Երկու օր առաջ լույս աշխարհ եկած Դանիելի ընտանիքն արդեն ստացավ առաջին նվերը։ Netcom ընկերությունը Ղազարյանների ընտանիքին մեկ տարով անվճար ինտերնետով կապահովի։ Jnews-ը նաև պարզել է, թե ինչ պետական և մունիցիպալ օգնություն է հասնում բազմազավակ ընտանիքին։

Հունիսի 21-ին Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցի ծննդատանը լույս աշխարհ է եկել Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղում բնակվող Ղազարյանների ընտանիքի 14-րդ երեխան՝ Դանիելը։ Netcom ընկերության տնօրինությունը տեղեկանալով այս մասին, ցանկացել է նվեր անել Դանիելի ընտանիքին։ Ընկերությունը մեկ տարի անվճար ինտերնետ կտրամադրի Ղազարյանների ընտանիքին:

Մունիցիպալիտետի կողմից Ղազարյանների ընտանիքը 14-րդ երեխայի համար կստանա 600 լարի միանվագ օգնություն։ Իսկ պետության կողմից՝ երկու տարի, ամսական 200 լարի լարի կստանա։

Նինոծմինդայի մունիցիպալիտետի սոցիալական փաթեթում բազմազավակ ընտանիք է համարվում 4 և ավել երեխա ունեցող ընտանիքները։

«Այն ընտանիքը, որտեղի 4 երեխա է մեծանում 0-ից 18 տարեկան, միանվագ օգնություն է ստանում 300 լարի, յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար ավելացվում է 50 լարի, օրինակ՝ եթե 6 երեխա է, ուրեմն 400 լարի, 10 երեխայի դեպքում՝ 600։ Սակայն եթե բազմազավակ ընտանիք է ու կան չափահասներ, ապա այդ դեպքում չափահաս երեխաները դուրս են մնում հաշվից»,- ասում է Նինոծմինդայի քաղաքապետարանի սոցիալական ծառայության բաժնի պետ Արմեն Դարբինյանը։

Նշենք, որ այս տարի Ղազարյանների ընտանիքն արդեն 4 ուսանող կունենա։ Նրանց ավագ երկու երեխաները արդեն մի քանի տարի է սովորում են Երևանում: Կրթությանը զուգահեռ նաև աշխատում են, ինչի շնորհիվ ընտանիքից կախվածություն չունեն։ Ղազարյանների ընտանիքը Գանձայում զբաղվում է գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ։ Ընտանիքի հայրն ասում է, որ ավագները կարողանում են պահել իրենց, իրենք միայն սնունդով են օգնում:

Նորածին Դանիելը ծնվել է հունիսի 21-ին՝ 2 կգ 600 գրամ քաշով և 48 սմ հասակով:

Թերթում նշվում է, որ Դանիելի ծնունդով նոր ռեկորդ է սահմանվում նորանկախ Վրաստանի պատմության մեջ: Ըստ ժողովրդագրագետ, դեմոգրաֆ պրոֆեսոր Ամիրան Թոթաձեի՝ վերջին երեսուն տարիների ընթացքում Վարդուհի Ղազարյանը գերազանցել է անցած տարի տասներեքերորդ երեխային ծննդաբերող մայրիկի ռեկորդը:

Դանիելը Վարդուհի և Սեդրակ Ղազարյանների տասնչորսերորդ զավակն է: Այսպիսով՝ Ղազարյանների ընտանիքն ունի 8 որդի և 6 դուստր: Ավագը՝ Հակոբը, 23 տարեկան է, սովորում է Երեւանի պետական համալսարանի աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետում: Իսկ Անգելինան, ով նախքան Դանիելի ծնունդը ամենակրտսերն էր, 1 տարեկան 4 ամսական է: