Ես հեռու եմ քաղաքականությունից, ափսոս եմ, որ մտնեմ նմանատիպ բաների մեջ․ Վարդան Ղուկասյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Գյումրիի նախկին քաղաքապետ, Աժ նախկին պատգամավոր Վարդան Ղուկասյանը

–Պարոն Ղուկասյան, Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Գյումրու համայնքապետարանում՝ անդադրադառնալով համայնքում իրականացված և ընթացքի մեջ գտնվող սուբվենցիոն ծրագրերին և արձանագրված բացթողումներին։ Նա նշել է, որ ունի դժգոհություն՝ կապված արդեն իսկ ձեռքբերված միկրոավտոբուսների շահագործման հետ, որ մինչ օրս գյումեցիները դրանցից չեն օգտվում: Ինչպե՞ս եք գնահատում մարզպետի այս դիտարկումները:

Շատ ճիշտ է ասել ավտոբուսների մասով, ո՞ւր են այդ ավտոբուսները: Չնայած ես չեմ ընդունում այդ աղջկան և ցավում եմ, որ Շիրակը նման մարզպետ ունի, բայց եթե ավտոբուսներից է խոսել, լավ է արել: Ես չգիտեմ՝ այդ ավտոբուսները համայնքի միջոցներով բերեցին, ինչ արեցին, ինչքան է համայնքը մասնակից: Իմ օրոք համայնքի տրանսպորտի բաժինը մեծ գումարներ էր մուծում քաղաքային բյուջե: Հիմա այդ ոլորտից քաղաքական բյուջեն գումար ստանո՞ւմ է, թե ոչ, ես գիտեմ, որ չի ստանում: Քաղաքի բյուջեից գումար են մուծում, որ անհատը հարստանա, ես չգիտեմ: Դա պետք է մարզպետը ասի:

Մարզպետը նշել է նաև, որ ինքնակամ շինությունների հետ կապված զրո հանդուրժողականություն է լինելու:

Ինքնակամ շինությունը Սայաթ Նովայի այգու համար էլ է ասել, որը մենք ենք սարքել: Հիմա որ գաք տեսնեք Սայաթ Նովայի այգին, մի բան էլ պետք է մեդալ տաք Ղուկասյան Վարդանին ու իր ընտանիքին, որ նման կառույց է սարքել: Բանկերից գումարները վերցրել է, բերել այգի է սարքել, որ ժողովրդի համար հաճելի լինի: Իսկ Գյումրիում ընդհանրապես երկու-երեք ամիս են աշխատում ատրակցիոնները: Բացի այդ, այդտեղ մենք սեփական հող ունենք, դա էլ ենք դարձրել այգի, իսկ հինը վերանորոգվել է: Ասենք, պատը, տանիքը վերանորոգվել են, հատակները սալապատվել են, կանաչապատում են արել, հողածածկույթն են փոխել, զուգարաններ են կառուցել, դա վա՞տ բան է: Նման բանի համար մարդկանց խրախուսո՞ւմ են, թե՞ քարկոծում են: Թող ինքը գնա նայի «Ցայգ» հեռուստաընկերությունը, որ 10 կոպեկով մայրը սեփականաշնորհել է: Հլը գնացեք տեսեք՝ կենտրոնական հրապարակի այդ ամբողջ հատվածն ո՞ւմ է պատկանում, իր ընտանիքին: Ինքը թող իր դարդը լացի, որ եկել է մարզպետ, Գյումրիում դեռ մի զուգարան չի կառուցել: Իսկ մենք այդ այգիները պահել ենք՝ պարիսպներով, մայթեզրերով, ծառատնկումով, լուսային կետերով:

Բայց դրանք ինքնակամ շինություններ չե՞ն:

Դրանք ինքնակամ շինություններ չեն, այդ տարածքի համար վարձակալության պայմանագիր է կնքվել, վերցվել է դատարանով: Մեծ մասով դա մեր սեփականությունն է, ինչ էլ արել ենք, ասենք, գետինն ասֆալտ է եղել, դարձրել ենք սալաքարեր: Մենք ունեն լուսանկարները, թե ինչից ինչ է սարքվել: Հինը վերանարոգվել է, դա նոր կառույց չէ: Ուղղակի էդ աղջիկը քաղաքը չգիտի, ոչ էլ քաղաքն է այդ աղջկան ճանաչում: Ինքը թող գնա նմանատիպ մարդկանց խրախուսի: Մեր ժամանակ ներդրում անող մարդկանց քաղաքը խրախուսում էր, ոգևորում էր: Հիմա ընկել է մեր հետևից: Նման ձևով երկիր ու քաղաք չի կառուցվի: Թող ինքն իր մարզպետությունն անի, հետո կնայենք, թե ով է: Սխալն էն է, որ իրեն բերեցին մարզպետ նշանակեցին:

ԱԺ պատգամավոր Արթուր Վանեցյանը վայր է դնում մանդատը, իրեն փոխարինելու է գալու Մարտուն Գրիգորյանը: Ինչ կարծիք ունեք այս գործընթացի վերաբերյալ։

Այն մարդիկ, որ այս ամեն ինչը կարգավորում են, լուծում են, պետք է մի փոքր ճշմարտություն որդեգրեն իրենց ապրելակերպում, չխառնեն ամբողջ երկիրը իրար: Ես այս քաղաքականությունից, այս ամեն ինչից հեռու եմ: Ես չգիտեմ՝ ով ինչ է անում:

 

Դուք ցանկություն չունեք նորից մտնելու քաղաքականություն:

Ովքեր հիմա քաղաքականությունը թելադրում են, ղեկավարում են, ես ափսոս եմ, որ մտնեմ նմանատիպ բաների մեջ: Ես հիմա հեռու եմ այդ ամեն ինչից: Դուք մեղք եք, որ գիշեր-ցերեկ այդ քաղաքականության մեջ եք: Գնացեք, մի հետաքրքիր բան գտեք, ձեզ համար խելոք, հանգիստ ապրեք, ի՞նչ գործ ունեք քաղաքականության հետ: Ես հիմա մարդկանց լավություն եմ անում, ինչ կարողանում եմ, անում ու չեմ անում, որ ընտրություններում դիվիդենտ շահեմ: Ինչ որ հնում եղել եմ, այդպես ապրում եմ:

Դուք չէիք աջակցո՞ւմ այս փողոցային պայքարին:

 

Դուք տեսնում եք, որ ես չեմ մասնակցում և չեմ էլ ուզում իմ կարծիքը հայտնել, բայց ես իմ կարծիքը միշտ հայտնել եմ: Երկրի ղեկավարը պետք է խիղճ ունենա, սիրի հայրենիքը և Հայ առաքելական եկեղեցու զավակ լինի, Աստված ճանաչի, իսկ պատերազմի ժամանակ գա կանգնի ժողովրդի առաջ և պահպանի ազգը հայոց: Նմանատիպ ղեկավարի համար գիշեր-ցերեկ ես կկանգնեմ: Հիմա ես հեռու եմ ամեն ինչից:

Այս իշխանության վարած կոռուպցիայի դեմ պայքարն արդյունավետ չեք համարո՞ւմ, կոռումպացված պաշտոնյաներ, կարծեք թե, այլևս չկան:

Կապրենք, կտեսնենք, այդ ամենն այդպես է, թե ոչ: Համբերեք, ով համբերե, նա կեցցե: