«Չեմ կարծում կգտնվի մեկը մեկը, որ ռիսկ անի գա այստեղ ու այդ լուրը մեզ հայտնի» Աղավնոյի գյուղապետ

Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունից հետո Արցախի Աղավնո գյուղ տեղափոխվելու ցանկություն հայտնող ընտանիքների թիվն ավելացել է։ «Մարդիկ երեկվանից զանգում են, ցանկանում են տեղափոխվել Աղավնո»,- Lragir.am-ի հետ զրույցում ասաց համայնքի ղեկավար Անդրանիկ Չավուշյանը։

Նիկոլ Փաշինյանը երեկ հրավիրած առցանց ասուլիսում հայտարարել է, որ նոր ճանապարհի կառուցումից հետո Արցախի Բերձորն ու Աղավնոն անցնելու են ադրբեջանական վերահսկողությանը։ «Երթուղու փոփոխություն տեղի ունենալու պարագայում այն տարածքները, որոնք չեն գտնվում Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի նախկին այդ սահմանի մեջ, նրանք անցնելու են Ադրբեջանի վերահսկողությանը»,- ասել էր նա՝ հավելելով, որ Բերձորի բնակիչների վերաբնակեցման հարցերը լուծում է ՀՀ կառավարությունը, իսկ Աղավնոյի բնակիչների խնդիրներով կզբաղվի Արցախի կառավարությունը։

«Ինձ համար դա հայտարարություն չէր, դա ցանկություն է։ Ալիևն էլ է ցանկանում, ասում է՝ Երևանն իմն է, Սևանն իմն է։ Եվ վստահ կարող եմ ասել՝ մենք Ալիևի և Նիկոլի ցանկությունները չենք իրականացնում։ Մենք պարտավորված ենք շատ ավելի լուրջ գործ անել։ Մեր տղաների արյունով պահված հողն է սա, իրենք շուտ գնացին, մենք առաջնորդող ենք, այդ ճանապարհի վրա ենք։ Մենք այստեղ ենք, պատրաստ ենք, գնալու տեղ չունենք, ունենանք էլ, չենք հեռանա։ Պետք չէ մեզ պալատներ կառուցելու խոստումներ տալ, թող առաջնահերթ լուծեն շուշեցիների ու հադրութեցիների կացարանների հարցերը»,- ասաց Անդրանիկ Չավուշյանը։

Նա նշեց, որ դիմում է համայն հայությանը՝ ինչպե՞ս է համայն հայությունը վերաբերվում Նիկոլ Փաշինյանի այս հայտարարություններին։ «Ժողովրդի անունի՞ց է այդ հայտարարությունն ունեցել, ո՞ւմ հետ է ժողովի նստել։ Նստել է, որ բանակցի ու մեր տան վրա որոշում կայացնի՞։ Ինքը միայն իր սեփականության վրա կարող է որոշում կայացնել, ոչ թե ասել՝ այս սարը կամ այս լիճը մեզ պետք չէ։ Ես չեմ կարծում, որ ինչ-որ մեկը՝ լինի իշխանություն կամ անհատ, ռիսկ կանի գալ այստեղ ու այդ լուրը մեզ հայտնել։ Մենք լացելով չենք ասելու՝ դուրս ենք գալիս, մենք չենք լսելու ոչ ոքի, ով ուզում է լինի։ Հանձնվողական դիրք են վերցրել՝ էս զիջում են, էն զիջում են։ Երեկվանից ինձ զանգում են հայորդիները, մենք չենք խառնվել իրար, դեռ սարերում կանգնած տղերք ունենք։ Գյուղի ժողովրդի վրա ինչքան էլ աշխատեն, ինչքան էլ համոզեն, բայց այստեղ բավական մարդ կմնա։ Երեկվանից մինչև հիմա շատ են ինձ դիմում, որ գան այստեղ բնակվեն։ Ես ուրախ եմ, որ զարթոնք ենք ապրում, հայորդին արդեն հասկանում է՝ ինչ է կատարվում։ Մենք չենք ուզում լինել ծնկաչոք քայլողի դիրքում։ Դու ուզում ես, ծնկաչոք քայլիր, ինչ ուզում ես արա»,- հավելեց նա։ Անդրանիկ Չավուշյանի խոսքով՝ այսօր Աղավնո գյուղում բնակվում է 45 ընտանիք՝ շուրջ 175 մարդ։