Եթե Ադրբեջանն ուզու՞մ է տարածաշրջանային կոմունիկացիաների բացում,ապա մենք պատրաստ ենք դրանց իրագործմանը անցնել ցանկացած պահի. Փաշինյան

Իրավիճակը աշխարհում և տարածաշրջանում լարված է, և մենք մեզ պատասխանատու ենք համարում այդ լարվածությունը նվազեցնելու և հիմնարար լուծումներ գտնելու հարցում: Այս մասին, այսօր՝ մարտի 24-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նաեւ հավելեց. «Այս իմաստով, այո, կարծում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունները պետք է սկսել օր առաջ: Ընդ որում, պետք է արձանագրել նաև սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի աշխատանքները արագացնելու անհրաժեշտությունը՝ սահմանին անվտանգության և կայունության մակարդակը բարձրացնող քայլերին զուգահեռ: Գիտեք, իհարկե, որ մենք հանդես ենք եկել սահմանից զորքերի հայելային հետքաշման առաջարկով՝ որպես հետքաշման կողմնորոշիչ նկատի ունենալով խորհրդային ժամանակների Հայաստանի և Ադրբեջանի դե յուրե հաստատված սահմանագիծը»:

Նա, սակայն, ընդգծեց, որ բացի ամբողջական հետքաշումից՝ Հայաստանը հանդես է եկել նաև տեղային հետքաշումների առաջարկներով և այստեղ էլ սպասում են Ադրբեջանի արձագանքին. «Մասնավորապես, Երասխի հատվածում առաջարկել ենք, որ իրենք մի քանի դիրք հետ քաշեն մեր տարածքից, մենք էլ մի քանի դիրք հետ քաշենք իրենց տարածքից, այսպիսով երկուստեք կլուծենք վերջին մեկուկես տարվա ամենաթեժ կետերից մեկի հարցը: Ինչպես ասացի, սպասում ենք Ադրբեջանի արձագանքին:

Ի դեպ, վերջին մի շարք իրադարձություններից հետո մենք այդպես էլ չհասկացանք՝ Ադրբեջանն ուզու՞մ է տարածաշրջանային կոմունիկացիաների բացում, թե՞ ոչ: Եթե ուզում է, մեր առաջարկները շարունակում են ուժի մեջ մնալ, և մենք պատրաստ ենք դրանց իրագործմանը անցնել ցանկացած պահի, բառացիորեն ցանկացած պահի: Հայկական խաչմերուկ նախագծի մասին մի քանի անգամ ասել եմ, հիմա մանրամասնելու կարիք չեմ տեսնում», — հայտարարեց ՀՀ վարչապետը:

Աղբյուր՝