Ռուսական կողմի միջնորդությամբ դեռ մեկ շաբաթ առաջ կողմերին առաջարկել էին հանել դիրքերը Փառուխից․ Սամվել Բաբայան

Խաղաղապահները մեկ շաբաթ առաջ կողմերին առաջարկել էին հանել դիրքերը Փառուխից․ Սամվել Բաբայան

Ռուսական կողմի միջնորդությամբ հայկական և ադրբեջանական կողմերը մեկ շաբաթ առաջ հանել էին դիրքերը Փառուխ գյուղից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։

«Հանել են, բայց հետո պարզվել է, որ ադրբեջանցիները եկել են այնտեղ նստել, հիմա էլ ռուսական կողմը գնացել է, որ այդ հարցերը կարգավորի, ընդհանրապես բնագիծ գոյություն չունի և բազմաթիվ տեղերում, ոչ միայն այդտեղ»։Բաբայանը նշեց, որ դիրքերը երկու կողմերը հանել են մոտ մեկ շաբաթ առաջ, իսկ առաջարկը եղել է ռուսական կողմինը։

«Երբ Խրամորթում խնդիրներ եղան, ռուսական կողմը առաջարկեց, որ այդտեղից և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմը հանի դիրքերը և ոչ մի խնդիր չի լինի»,- ասաց Սամվել Բաբայանը։

Հիշեցնենք, որ այսօր գիշերը ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների կողմից հրահրված փոխհրաձգության հետևանքով տարբեր աստիճանի վիրավորում է ստացել պաշտպանության բանակի հինգ պայմանագրային զինծառայող:

Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի ՊՆ-ն։ Փառուխ գյուղը ադրբեջանական կողմի վերահսկողության տակ է։