ՌԴ խաղաղապահ զորակազմից պահանջում ենք անհապաղ ապահովել խաղաղության պահպանումը․ ՀՅԴ

Հայ Յեղափոխական Դաշնակցության բյուրոն, անդրադառնալով Արցախում տեղի ունեցող իրադարձություններին, հայտարարություն է տարածել, որում ասված է․

«Տեղի է ունենում այն, ինչ ակնկալվում էր. Ադրբեջանը, օգտվելով Ուկրաինայի խնդրի վրա աշխարհի ուշադրության կենտրոնացումից, քայլեր է կատարում` ավարտին հասցնելու իր հակահայ ծրագրերը, որոնք իրականացնելու նորագույն հանգրվանն սկսվեց 2020 թվականի 44-օրյա պատերազմով:

Միաժամանակ, վերջին ամիսներին նկատելի էին 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարությամբ Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ ուժերի առաքելությանը խոչընդոտող գործողություններ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից:

Այս օրերի արտասովոր ցուրտ եղանակին Արցախի գազամատակարարման խափանումով և Փառուխ գյուղ և հարակից տարածքներ ներխուժումով Ադրբեջանը հետապնդում է Արցախը հայաթափելու իր անթաքույց ծրագիրը:

Այս ծանր օրերին անհրաժեշտ է համազգային ուժերով ամենուրեք դիմադրել Ադրբեջանի և Թուրքիայի այս հակահայ քաղաքականությանը:

Առ այդ, անհրաժեշտ է.

ա) Դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություններին՝ պահանջելով` չանտեսել Արցախի և Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջան-Թուրքիա դաշինքի հակահայ քաղաքականությունն ու քայլերը։

բ) Ադրբեջանի եւ Թուրքիայի դեմ բողոքի տարաբնույթ գործողություններով` քաղաքական շրջանակների և հանրային կարծիքի ուշադրությունը հրավիրել նոր թափ առած հակահայ այս քաղաքականության վրա։

Արցախում տեղակայված Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմից պահանջում ենք ապահովել թշնամի ուժերի` իրենց ելման կետեր վերադարձը և խաղաղության պահպանումը։

Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը կանգնած է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի կողքին և պատրաստ է հնարավոր բոլոր միջոցներով աջակցելու նրան` Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու պատասխանատվության իրականացման գործում:

Ադրբեջան-Թուրքիա դաշինքի այս հակահայ քաղաքականությունը չի կարող մնալ առանց արձագանքի. այս քաղաքականության հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու են այդ երկու պետությունները»։