Ադրբեջանում զայրացած են Ռուսաստանում ադրբեջանական կայքերն արգելափակելու որոշումից

«Ցավալի է, որ Ադրբեջանի հեղինակավոր լրատվամիջոցների կայքերը, որոնք արժանացել են լայն լսարանի ճանաչմանը ոչ միայն երկրի ներսում, այլև արտասահմանում, արգելափակվել են՝ ի հեճուկս արտահայտվելու ազատության»։ Այսպիսի կարծիք է հայտնել Ադրբեջանի ԶԼՄ-ների զարգացման գործակալությունը՝ պատասխանելով haqqin.az-ի հարցմանը՝ Ռուսաստանում haqqin.az կայքի և ադրբեջանական այլ լրատվամիջոցների արգելափակման մասին։

«Մենք կարծում ենք, որ մեր ժամանակաշրջանում տեղեկատվության փոխանակման նման վարչական մոտեցումը խոչընդոտում է մարդկանց հավասարակշռված և հավաստի տեղեկատվություն տրամադրելուն։

Չնայած այն հանգամանքին, որ 44-օրյա Հայրենական պատերազմի ընթացքում մի շարք երկրների լրատվական կառույցներ տարածել են չարամիտ, բացառապես «սև» քարոզչություն և շատ դեպքերում կեղծ տեղեկություններ՝ ռազմական գործողությունների ընթացքի և մեր երկրի մասին՝ Ադրբեջանը, հավատարիմ մնալով ԶԼՄ-ների ազատության սկզբունքին, չի արգելափակել երկրում ոչ մի արտասահմանյան կայք կամ հեռուստաալիք։ Մեր երկրում այսօր նրանց գործունեության սահմանափակումներ չկան։

Հուսով ենք, որ առաջնորդվելով այս հարցում փոխադարձության սկզբունքով, կվերացվի օտարերկրյա պետության կողմից ադրբեջանական կայքերի արգելափակումը»,- ասված է հայտարարության մեջ։

Հավելենք, որ ինչպես ադրբեջանական, այնպես էլ իսրայելական և այլ արտասահմանյան կայքեր ՌԴ-ում արգելափակվել են Ուկրաինայում ընթացող պատերազմը լուսաբանելու համար: