Կնոջը պաշտպանող Ուիլ Սմիթի հուժկու հարվածը ու «Օսկարը»

Այս տարվա «Օսկար» մրցանակաբաշխությանը բոլորի ուշադրության կենտրոնում Ուիլ Սմիթն էր: Դերասանի համար էլ միջոցառումը ոչ պակաս էմոցիոնալ էր:

Նա երեկոյի ընթացքում ե՛ւ արձանիկի արժանացավ, ե՛ւ աչքի ընկավ հարվածով, որը կարճ ժամանակում հասցրեց ամենաքննարկվածը դառնալ սոցցանցերում եւ լրատվամիջոցներում:

Հերթական մրցանակը հանձնելու համար բեմ բարձրացած հաղորդավար Քրիս Ռոքն իրեն անպատեհ կատակ թույլ տվեց Ուիլ Սմիթի կնոջ՝ Ջադա Փինքեթ Սմիթի հասցեին:

Նա դերասանուհու սանրվածքը համեմատեց Դեմի Մուրի մարմնավորած «Զինվոր Ջեյնի» կերպարի հետ, որը սափրած գլխով է: Երկար տարիներ է Փինքեթ Սմիթը կարճ սանրվածքով է, նա աուտոիմունային հիվանդություն ունի, որի հետեւանքով մազերը թափվում են:

Կատակի սկզբում Սմիթը նույնիսկ թեթեւակի ժպտաց անգամ՝ չսպասելով, թե այն ինչ վերջաբան է ունենալու, հետո հայտնվեց բեմում ու հարվածեց Ռոքին, հետո էլ շարունակեց հայհոյախառն բարձրաձայն գոռալ նրա վրա.«Որպեսզի ես չլսեմ կնոջս անունը քո կեղտոտ բերանից»:

Երեկոն ամեն դեպքում Սմիթի համար լավ ավարտ ունեցավ. հենց նրան հայտնի դերասանական եռյակը՝ Սամուել Լ. Ջեքսոն, Ջոն Տրավոլտա եւ Ումա Թուրման, հանձնեց «Լավագույն դերասան» տիտղոսի արձանիկը: Սմիթը «Ռիչարդ արքան» ֆիլմում հիանալի է մարմնավորել թենիսիստուհիներ Սերենա եւ Վենուս Ուիլյամսների հորը:

Ուիլ Սմիթը

«Ռիչարդ Ուիլյամսն իր ընտանիքին կատաղի կերպով էր պաշտպանում, ես էլ նման առաքելություն ունեմ իմ սիրելի մարդկանց պաշտպանելու: Դենզել Վաշինգտոնն ինձ քիչ առաջ ասաց.«Երբ բարձունքում ես, պետք է զգույշ լինես, քանի որ հենց այդ պահին է սատանան գալիս քո հետեւից»: Սա շատ գեղեցիկ պահ է ինձ համար: Ուզում եմ ներողություն խնդրել կինոակադեմիայից ու իմ անվանակարգում Օսկարի առաջադրված դերասաններից արցունքներիս համար, դրանք բնավ էլ մրցանակի համար չեն: Սա հնարավորություն է լույս սփռել բոլոր այն մարդկանց վրա, ովքեր ստեղծել են այս ֆիլմը»,- ասաց նա:

Աղբյուր՝