Շոյգուն սկսել է անձամբ զբաղվել Ադրբեջանին սանձելու գործով. ՌԴ-ն ստիպված է եղել ինքնաթիռները օդ հանել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Արցախյան վստահելի աղբյուրի հավաստմամբ՝ Ռուսաստանի Դաշնությունը սկսել է լրջորեն զբաղվել Արցախում ադրբեջանական սադրանքների կանխմամբ ու ռուս խաղաղապահների պատասխանատվության տակ գտնվող տարածքներից ադրբեջանական զորքերի հետքաշմամբ:

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այսօր սկսել է անձամբ զբաղվել Ադրբեջանին սանձելու գործով: Շոյգուի վճռականությունը երևացել է Արցախում խաղաղապահների կտրուկ քայլերով և Արցախում ու Հայաստանում ռուսական զինտեխնիկայի շարժերով:

Քիչ առաջ Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով ռուսական ռազմական ինքնաթիռների ցուցադրական թռիչք է իրականացվել, որով Ադրբեջանին նախազգուշացում է արվել, որ խուսափի լարվածության օջախների ստեղծումից:

Վերջին օրերին Ռուսաստանի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների միջև տեղի ունեցած բանավեճը ցույց տվեց, որ ռուսական կողմում ընկալում են, որ Ադրբեջանն անցել է կարմիր գծերը ու սպառնում է ռուսական շահերին:

Ասում են՝ հատկապես Ադրբեջանի պաշտպանության նախարարության ծաղրական պատասխաններից ու Փառուխի հատվածում գրաված տարածքներից հետ չքաշվելու ազդակներից հետո ՌԴ պաշտպանության նախարարը ստացել է Վլադիմիր Պուտինի խիստ հանձնարարականը ադրբեջանական սադրանքները կանխելու ու նրանց զինուժը ելման դիրքեր վերադարձնելու մասին:

ՌԴ պաշտպանության նախարարությունը հավաստիացրել է հայ գործընկերներին, որ բացառվում է պատերազմն Արցախում` Ռուսաստանն ունի բավարար մեխանիզմներ ու վճռականություն կանխելու ադրբեջանական ագրեսիան»: