Գյումրիում են մեծ թվով ռուսներ, ուկրաինացիներ, բելառուսներ․ տների գները հասել են ռեկորդային թվերի

Վերջին մեկ շաբաթում Գյումրիում ոչ միայն օտարերկրյա զբոսաշրջիկների հոսքն է ավելացել, այլև Ռուսաստանի Դաշնությունից, Ուկրաինիայից եւ Բելառուսից ընտանիքներ են տեղափոխվել՝ ժամանակավոր կացություն հաստատելու նպատակով։ Ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով մեր Հանրապետության երկրորդ քաղաքը ռուսները նախընտրել են մի քանի պատճառով․ Գյումրիում է ռուսական 102-րդ ռազմաբազան, ծանոթ, բարեկամ, հարազատներ ունեն, եւ իհարկե, շատ են լսել՝ պատմական շինություններով հարուստ, զբոսաշրջային քաղաք է։

Կա նաւ երրորդ հանգամանքը․ մայրաքաղաք Երևանի համեմատ Գյումրիում հյուրանոցներն ու բնակարանները մատչելի են։ Բայց, ինչպես մեր զրուցակիցը՝ ազգությամբ ռուս ծրագրավորող Պավելն ասաց․ «Չէի ասի, թե Երևանի համեմատ այստեղ շատ մատչելի է, ես հիմա մեկ սենյականոց բնակարանը մեկ ամսվա համար վարձակալել եմ 200 դոլարով, ընկերներս Երևանում են վարձակալել՝ 2 սենյակը մոտ 400 դոլար։ Բայց հարմարավետ, գեղեցիկ քաղաք է, աշխատանքս պահելու համար առայժմ կմնամ Գյումրիում՝ փորձելով այստեղից աշխատել» ։

Նկատենք, որ ընդամենը մեկ ամիս առաջ Գյումրիում մեկ սենյականոց բնակարանը հնարավոր էր վարձակալել 30-40 հզր․ դրամով։

«ՄարՄար» զբոսաշրջային ընկերության տնօրեն Լիզա Գասպարյան էլ  hraparak.am-ի հետ զրույցում նշեց, որ  Ուկրաինայից, Ռուսաստանից եւ Բելառուսից Գյումրի ժամանած քաղաքացիները ոչ միայն կեցության խնդիր են լուծում, այլև՝ ժամանցի։

«Հատկապես շաբաթ-կիրակի օրերին օգտվում են մի շարք ծառայություններից, եւ մեր սպասարկման ոլորտները պետք է ինքնաբավ լինեն, ապահովեն պատշաճ մակարդակ»,-ընդգծեց մեր զրուցակիցը՝ ասելով․ «Ինչ վերաբերում է գների թանկացումներին, պիտի ասեմ, որ կան բարեխիղճ տնտեսվարողներ, որոնք չեն թանկացրել իրենց ծառայությունները եւ կան տնտեսվարողներ էլ, որոնք իսկապես առիթից օգտվել են։ Գները տարբեր են շուկայում, տարբեր բանաձևով է հաշվարկվում գնագոյացումը, երբեմն օրավարձը հաշվարկվում է 30 օրով, եւ դա, երբ կողքից ես նայում, թվում է՝ բավականաչափ թանկ, բայց եթե օրավարձի կտրվածքով ենք դիտարկում, պետք չէ մտածել, որ գները չափազանց բարձրացել են։ Հիմա հատկապես ամրագրում են մեկ ամսվա համար, եւ շուկայում խոսակցություններ կան, թե մեկ ամսից հետո այդ ամրագրումների թիվը շատանալու է, ավելի շատ հյուրեր պետք է լինեն, եւ նրանք, ովքեր այս ոլորտում, բիզնեսում չկան, մտածում են ինչ-որ ձևով իրենք էլ օգտվեն այդ հնարավորությունից»։

Մինչ որոշ տնտեսվարողներ եւ անհատներ փորձում են օգտվել ստեղծված իրավիճակից, նկատենք, որ այս օրերին տուժում են նաև մեր հայրենակիցները, ովքեր վարձով են բնակվում։ Գյումրեցի ամուսիններ Վարդանն ու Մարիամը մեզ պատմեցին, որ արդեն մեկ շաբաթ է՝ բնակարան են փնտրում ։ «Ամուսնուս հետ արդեն մեկ շաբաթից ավել է՝ ընկած դռնեդուռ վարձով տուն ման կըգանք։ Ամիսը 30 հզր-ով ՝ 4 տարի է կմնայինք էդ տան մեջ, մեր տանտերն եկավ, թե ծախեմ գը, էլ վարձով չեմ տա, հետո գիտեցանք, որ ամսի մեկից դրսից եկած մարդկանց է տվել։ Հըմի 3 անչափահաս երեխեքն առած՝ հերանցս տունն եմ, մինչև որ հարմար տուն գտնինք, էն էլ ուր է՝ մեռանք ման գալով, չկա»,-ասաց երիտասարդ կինը։ Վարդանն էլ հավելեց․ «Իմ աշխատանքը  օրավարձով է, 4-5 հզր դրամ է օրվա եկամուտս, ըդիկ ես 100հզր տան վարձ տամ, թե ապրինք, չիդեմ, խելըռիմ գը» ։