Երեխեքն այնտեղ պառկած՝ իրենք գնացել են պարելու. նահատակված Կարեն Ավագյանի մայր

168.am-ի հետ զրույցում տիկին Արմինեն՝ պատերազմում զոհված Համբարձում Հովհաննիսյանի մայրը, ասաց, որ Աննա Հակոբյանի կողմից որևէ հրավեր չի ստացել, և եթե նույնիսկ հրավեր ստանար, ապա այդ հավաքույթին չէր մասնակցելու։

«Ինքս Գյումրիից եմ, եթե այստեղ էլ որևէ բան կազմակերպում են, ես տանից դուրս չեմ գալիս։ Եթե նման բաների մասնակցում եմ, նորից ամեն ինչ վերապրում եմ ու ավելի ծանր եմ տանում ամեն ինչ»,- նշեց հերոսի մայրը։

Պատերազմում հերոսաբար ընկած փոխգնդապետ Անդրանիկ Մանուկյանի կինը՝ Աննա Գրիգորյանը, նույնպես նշեց, որ որևէ հրավեր չի ստացել՝ ստանալու դեպքում էլ այն մերժելու էր։

«Եթե նույնիսկ հրավեր ստանայի, միևնույն է՝ ես այնտեղ ոտք չէի դնելու։ Ես չեմ կարող ասել՝ պատճառը որն է եղել, որ մի մասին են հրավիրել, դա պետք է իրենցից ճշտեք, եթե, իհարկե, նման նյութ կտրամադրեն ձեզ։ Դա «տաշիտուշի» միջոցառում էր, այլ ոչ թե զոհվածի ընտանիքին հարգելու հավաք։

Կրկնում եմ՝ եթե հրավիրեին, չէի գնա, եթե նույնիսկ գնայի էլ և տեսնեի, որ նման երաժշտություն է, նույն րոպեին դուրս կգայի»,- նշեց Աննա Գրիգորյանը։

Հարցին՝ ամիսներ առաջ Աննա Հակոբյանը Լենա Նազարյանի ուղեկցությամբ այցելում էր զոհված տղաների ընտանիքների տներ, իրենց տուն այցելե՞լ է, փոխգնդապետի կինը պատասխանեց.

«Ընդանրապես մեր տուն չեն այցելել, այս իշխանությունը, բացի խլելուց, այլ բան չի տվել»։

Նահատակված Կարեն Ավագյանի մայրիկին՝ տիկին Նելլի Ավագյանին, նույնպես չեն հրավիրել։

«Նրանք այդքան ռիսկ չունեն ինձ հրավեր ուղարկեն, տարան, իմ մինուճարի գլուխը կերան։ Ինձ նախ՝ չեն հրավիրել, եթե հրավիրեին, ես արդեն գիտեմ՝ ինչ կասեին իրենց։

Իրականում այդ ամենին շատ վատ եմ վերաբերվում։ Կարենս իմ մինուճարն էր, ես ուրիշ երեխա չունեմ, 2 տարի է՝ ես տանից դուրս չեմ գալիս՝ գնում եմ միայն բժշկի ու Կարենիս տուն։

Այդ ամենը մի խայտառակություն էր, որը ես տեսա, ճիշտ է, իրավունք չունեմ իրենց փոխարեն խոսելու, բայց որպես զոհվածի մայր՝ ես այդ ամենը համարում եմ խայտառակություն։ Ուղղակի որ իրենք խոսում են, որպես զոհվածի ծնողներ, դրա մեջ ախր մենք էլ ենք մտնում, ախր մեր անունի հետ են նրանք խաղում։

Ամեն մեկն իր մտածելակերպն ու ուղեղն ունի։ 2 տարի է, մենք ամեն ինչ մոռացել ենք, մի քանի տարով միանգամից ծերացանք, դարձանք 100 տարեկան։ Հիմա դուք ինձ հարց եք տալիս, Կարենիս հայրիկն էլ զայրացավ դրանց անունները լսելուց․ մենք չենք ուզում Նիկոլի ու Աննայի անունները լսել։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում