«Որևէ մեկս անթերի չենք և ոչ էլ ապահովագրված որևէ խնդրից». Անի Քոչար

Lurer.com-ը գրում է.

РЕКЛАМА

Լրագրող Անի Քոչարը, ով ավելի վաղ Գերմանիայում հաղթահարել էր քաղցկեղը, Ինստագրամի իր էջում արխիվային լուսանկարներ է հրապարակել և կից գրել.

«Այս հրապարակումն ինձ շատ դժվար է տրվել: Բայց շատ կցանկանամ, որ կարդաք և մտորեք:
Այսօր ողջ աշխարհը քննարկում է Օսկար մրցանակաբաշխությանը տեղի ունեցած տհաճ միջադեպը: Կարծիքները բազմազան են և տարաբնույթ: Յուրաքանչյուրը վստահ է իր ճշմարտացիությանը, բայց … վիրավորվողի ցավն ու ապրումները կհասկանա միայն նա, ով ապրել է նույնը, ով գիտի, թե դա ինչ է: Կողքից միշտ հեշտ է չապրածի ու չզգացածի մասին խոսելը, դատողություններ անելը:
Երբ քիմիաթերապիաներից ու ծանր բուժումներից հետո վերադարձել էի տուն և որդիս ինձ տեսավ առանց վարսերի, նրա առաջին արձագանքներից և մտավախություններից մեկն այն էր, թե ինչպես եմ այսուհետև տանից դուրս գալու և արդյոք ինձ չեն ծաղրի, նեղացնի, անհանգստացնի:
Ես որպես քաջ աղջիկ, անմիջապես կանխեցի, ասելով, որ չանհանգստանա և, որ նման բան չի լինի, իսկ նա, ընդամենը 5-6 տարեկան տղան շարունակեց, ասելով՝ թող մեկը փորձի ինձ վիրավորել կամ ծաղրել, գլուխը կջարդի: Նա այնպիսի տոնով ասաց դա, այնպիսի ցասումով ու մարտական, կարծես ինձ արդեն իսկ նեղացրել են և ինքն իմ թասիբին է կանգնում:
Որքան նուրբ է էմոցիոնալ այդ ապրումների դաշտը և շատերին անհասկանալի, քանի դեռ դա իրենց չի վերաբերում:
Մազերը կաճեն, բայց շատերի մարդկային որակները դժվար թե:
Գիտե՞ք, նույն զգացողություններն ունենում եմ ես, երբ որևէ մեկը բակում, խաղահրապարակում կամ որևէ այլ տեղ որդուս ձեռքի սպիներից է քչփչում կամ անհարկի մեկնաբանություններ անում (մեծ սպին այրվածքի հետևանք է):
Մեզ միշտ որևէ բանի համար կարող են հումորի թեմա դարձնել: Հիշեք դպրոցական տարիքը. մեկը նիհար է, մյուսը՝ գեր, մեկը ցածրահասակ է, մյուսը՝ բարձրահասակ, մեկն ակնոց է դնում, մյուսը որևէ այլ խնդիր ունի: Եվ միշտ գտնվում է «անթերի» մեկն, ով ծաղրում է քեզ, հումոր անում և դիպչում թույլ կամ ցավոտ տեղիդ, քանի դեռ մեկն էլ իր ցավոտ տեղը չի գտել:
Հումորը երբեք և որևէ պարագայում չպետք է դիպչի մարդու արժանապատվությանը: Որևէ մեկը չի ընտրում, թե ինչպիսին ծնվել և կամ փորձությունների հետևանքով ինչպիսին դառնալ:
Արտաքին առանձնահատկությունները, հիվանդությունները և առողջական խնդիրները (ինչպես նաև դրանց հետևանքները) հումորի թեմա չեն և չպետք է լինեն:
Որևէ մեկս անթերի չենք և ոչ էլ ապահովագրված որևէ խնդրից: Ցանկացած պարագայում մարդ մնալը լավագույն ընտրությունն է:
Հ.Գ. այս նկարները մի կերպ արվում էին ծնողներիս ուղարկելու համար, իբրև թե տեսեք տեսեք որքան լավ եմ, ժպտում եմ…»: